Thursday, July 14, 2011

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻՇՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

«ԱԶԳ», 14-07-2011ռ Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատման 200-ամյա (1811-2011) հոբելյանի առթիվ ավստրիական փոստային բաժանմունքը ինքնատիպ նամականիշ է հրապարակել, որի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 12-ին Մխիթարյան վանքի վերանորոգված ճաշասրահում, տեղեկացնում է Կանադայում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 6-ի համարը:
Հոբելյանական տոնակատարությունների շարքի բացումը ավետող այդ հանդիսությանը ներկա են եղել Ավստրիայի պապական նվիրակ Փեթեր արք. Ցուրբրիգնը, Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակՙ Հայկազուն ծ. վրդ. Նաճարյանը, Վիեննայում ՀՀ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, վիեննական փոստի տնօրեն Վոլֆգանգ Լեսիաքը, հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների եւ միությունների ներկայացուցիչները:
Վիեննայի Մխիթարյան վանքի աբբահայր Պողոս Գոճանյանն իր բանախոսության ընթացքում անդրադարձել է հատկապես հայագիտության բնագավառում միաբանության կատարած բացառիկ դերին: Այնուհետեւ վիեննական փոստի տնօրենը ներկայացրել է գեղեցիկ նամականիշը, որի վրա պատկերված է մի շքեղ պահարանՙ Մխիթարյան վանքի գրադարանից:
Ցուցադրվել են նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի եւ ավստրիական դրամատան կողմից նույն հոբելյանի առիթով լույս ընծայված արծաթյա հուշադրամներ, ինչպես նաեւ վանքի ձեռագրերից մեկի նմանատիպը (ֆաքսիմիլեն):
Հոբելյանական գլխավոր հանդիսությունները տեղի են ունենալու Վիեննայի մայր վանքում սեպտեմբերի 10-ին եւ 11-ին, իսկ պետական մակարդակով Երեւանում նշվելու է հոկտեմբերին:

No comments: