Thursday, July 14, 2011

Այսօր ամեն ինչ շատ պարզ է

 Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ

- Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության համար կոալիցիոն կուսակցությունների երկուական ներկայացուցիչներից կկազմվի աշխատանքային խումբ: Այն արդեն կազմավորվել է եւ պատրաստ են առաջիկա տասնօրյակում հանդիպել ընդդիմության հետ: Ինչպես եք վերաբերվում այդ փաստին:
- Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կողմից պաշտոնական մեկնաբանություն արդեն եղել է, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե իշխանությունը ցանկանում է բովանդակալից եւ արդյունավետ երկխոսություն, դա կլինի: Բայց Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ որեւէ որոշում դեռ չի ներկայացրել հանրության դատին: Մեր ժամկետները մնում են ուժի մեջ, ինչն էլ նշանակում է՝ մինչեւ սեպտեմբեր կողմնորոշվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցում:

- Սերժ Սարգսյանը մատնանշեց երեք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնց հետ ըստ ոլորտների ընդդիմությունը կարող է երկխոսել, հիմա էլ հրապարակվել է կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ում հետ պետք է երկխոսեն, ում եք համարում Սերժ Սարգսյանի պատվիրակությունը:
- Այդ հարցերի պատասխանը տվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 30-ի հանարահավաքում, շատ մանրամասն բացատրել է, թե որն է երկխոսության հանդեպ մեր մոտեցումը:

- Մինչեւ երբ եք սպասելու Սերժ Սարգսյանի՝ ձեր մատնանշած պատասխանին:
- Ժամկետները շատ հստակ մատնանշված են, մինչեւ սեպտեմբեր, եթե չլինի երկխոսություն եւ չտա արդյունք, մենք համարելու ենք երկխոսության հնարավորությունները սպառված:

- Եվ ինչ է լինելու, եթե ժամկետները համարեք սպառված: Ինչ քայլերի եք գնալու, թե համոզված եք, որ իշխանությունները ողջամիտ կլինեն ու իրոք կգնան երկխոսության:
- Ես չեմ ուզում կանխորոշել պրոցեսը, ոչ էլ ուզում եմ գնահատականներ տալ իշխանությունների իմաստնությանն ու բանականորեն կառավարելու ունակությանը: Խնդիրը շատ պարզ է ձեւակերպված. մենք մայիսի 31-ին հայտարարեցինք երկխոսությանը մեր պատրաստակամության մասին, իսկ հունիսի 30-ին նշեցինք, որ եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունքի չհանգենք, ժամկետները սպառված կհամարենք: Կարծում եմ՝ բոլորին ամեն ինչ պարզ է, եւ ավելին բացատրելու կարիք չկա:

- Այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր ակնկալում եք արտահերթ ընտրությունների անցկացման մասին համաձայնություն:
- Այո: Երկրում խորագույն քաղաքական ճգնաժամ է, տնտեսական անկում: Այնպիսի անկում է, որ միջազգային հեղիանակավոր հաստատությունները Հայաստանի տնտեսությունը վատագույններից մեկն են համարում: Աղետալի արտագաղթ: Եվ ժողովուրդն այլեւս համբերություն չունի: Այս հարցերին պետք է արագորեն լուծում տալ: Դա է պատճառը, որ մենք այս կառավարիչների հետ խոսում ենք, այո, վերջնագրի լեզվով, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի չարաշահելու ժողովրդի համբերությունը, իրավունք չունի իր հանցավոր ու ապիկար գործունեությամբ վտանգել երկրի ազգային անվտանգությունը, Ղարաբաղի ապագան, ազատ ու բարեկեցիկ կյանք ունենալու՝ մարդկանց իրավունքը: Ոչ ոք իրավունք չունի Հայաստանում կազմակերպել արտագաղթ միայն այն նպատակով, որ շարունակեն վերարտադրել իրենց հանցավոր, ապօրինի իշխանությունը: Իսկ վարչապետի խոսքերից պարզվեց, որ հենց դրանով էլ զբաղված են: Մենք սպասելու ժամանակ չունենք: Ժամկետները նշված են, իսկ հետո ժողովուրդը կասի իր խոսքը:

- Պարոն Զուրաբյան, ինչ երաշխիք, որ եթե վաղը անցկացնեն արտահերթ ընտրություններ, ընտրակեղծիքներ չեն լինի: Այսինքն՝ իշխանությունները կարող են առերեւույթ կատարել Կոնգրեսի պահանջները, անցկացնել արտահերթ ընտրություններ, արդյունքում կփոխվի խորհրդարանի խճանկարը, իսկ ահա ընտրական մեխանիզմները կրկին չեն գործի, կգործեն ընտրակեղծիքի մեխանիզմները: Նման մտահոգություններ են հնչում:
- Դրանք աբսուրդ մտահոգություններ են, որովհետեւ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների միայն երկու դեպքում: Առաջին` եթե հասկացել է, որ երկրում կա քաղաքական խորագույն ճգնաժամ, լեգիտիմության ճգնաժամ: Իսկ երկրորդ դեպքն էլ այն է, երբ ուղղակի պարտադրվում է իշխանությունների հրաժարականն ու ինքնաբերաբար լինում են արտահերթ ընտրություններ: Հիմա, եթե իշխանությունները հասկացել են, որ կա լեգիտիմության ճգնաժամ, ուրեմն՝ արտահերթ ընտրությունները հնարավորություն են` այն լուծելու: Եթե նորից պիտի լինեն զանգվածային կեղծիքներ, բռնություններ, լեգիտիմության ճգնաժամը ոչ միայն չի լուծվում, այլ ընդհակառակը՝ խորանալու է եւ ստեղծված վիճակում ուղղակի հանգեցնելու է հեղափոխական ընդվզման: Այսինքն՝ եթե նպատակը նորից ընտրություններ կեղծելն է, իշխանությունների համար որեւէ իմաստ չկա գնալու արտահերթ ընտրությունների: Իսկ եթե նրանք չեն գնալու արտահերթ ընտրությունների՝ այսինքն գիտակցելով ճգնաժամի խորությունը, կգործի երկրորդ տարբերակը. ժողովուրդը նրանց ուղղակի կհեռացնի եւ ընտրությունները կլինեն առանց նրանց մասնակցության: Ամեն դեպքում, օրինական ընտրությունների միակ երաշխիքը կարող է լինել կեղծարարության նկատմամբ անհանդուրժողության քաղաքական համատարած մթնոլորտը, որի ստեղծմանը մենք ձգտում ենք մեր գործողություններով:

- Իսկ չեն կարող նույն ընտրակեղծիքները արտահերթ ընտրություններում կատարվեն, գաղտնի. տեսակետ կա, որ իշխանություններն արտահերթ ընտրությունների կգնան՝ միայն արտահերթի փաստն ամրագրելու համար:
- Եթե չլինեն բռնություններ, չլինի ընտրակաշառք, չլինեն մեքենայություններ, չխախտվի մրցող քաղաքական ուժերի հավասարությունը, դա կլինի արդար ընտրություն: Իսկ մեքենայություն, բռնություն, ընտրակաշառք բաժանելը կամ հավասարության խախտումը հնարավոր չի անել գաղտնի: Տեղամասերում ու դրանցից դուրս ժողովուրդը, եւ մեր վերահսկող ներկայացուցիչների միջոցով, եւ ընտրական պրոցեսին իր անմիջական մասնակցությամբ, տեսնելու է , ինչ է կատարվում: Հասարակությունն ինքը կտեսնի՝ ընտրություններն անցել են լավ, թե վատ: Հասարակությունը ոչ թե ընդվզել է, որովհետեւ ընդդիմությունն է հայտարարել ընտրությունների կեղծիքների մասին, այլ որովհետեւ ինքն է տեսել այդ կեղծիքներն ու ինքն է ահազանգել դրանց մասին: Ընտրական պրոցեսում տասնյակ-հազարավոր մարդիկ են ընդգրկված լինում, ու եթե կան աղաղակող կեղծիքներ, ողջ ժողովուրդն իմանում է դրա մասին ու այն դառնում է համատարած քննարկումների առարկա:

- Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին քննադատություններ են հնչում, որ թափանցիկ չի գործում, որ ճանապարհային քարտեզ չունի: Նույնիսկ համեմատականներ եղան իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում թավշյա հեղափոխություն իրականացրած, արդեն ժողովրդավարացած երկրների միջեւ, որտեղ ընդդիմությունը բացարձակ բաց ու թափանցիկ էր գործում, ուներ իր ճանապարհային քարտեզը, ու պարզ էր՝ որ քայլից հետո ինչ է լինելու:
- Բացարձակապես չեմ ընդունում այդ քննադատությունը, այն ոչ մի փաստի վրա հիմնված չի: Իրականում Կոնգրեսը ժողովրդին բաց ներկայացրել է Շարժման պայքարի ճանապարհային քարտեզը՝ նախագահական կեղծված ընտրություններից եւ մարտի 1-ի սպանդից անմիջապես հետո: Եվ այդ ճանապարհային քարտեզը մենք հաջողությամբ անցնում ենք: Սկզբից մենք վերականգնեցինք հավաքներ եւ երթեր անցկացնելու մեր սահմանադրական իրավունքը, քանի որ դա է բռնապետության դեմ պայքարում մեր ամենաարդյունավետ զենքը: Հակառակ արգելքի, 2008 թվականի հունիսի 20-ին մենք հայտարարեցինք եւ անցկացրինք առաջին հանրահավաքը: Հակառակ արգելքի եւ ցրելու սպառնալիքների /որոնք անձամբ ինձ հայտնեցին ոստիկանության ղեկավարները բանակցությունների ժամանակ/ 2008 թվականի հուլիսի 4-ին մենք անցկացրինք մեր առաջին երթը: Հետագայում, բազմաթիվ չարտոնված հանրահավաքների եւ երթերի անցկացմամբ մենք պարտադրեցինք հանրահավաքների /2008 թվականի սեպտեմբերի 15-ից վեր/, այնուհետեւ նաեւ երթերի արտոնումը: Հետո մենք հայտարարեցինք, որ սկսել ենք Ազատության հրապարակի վերանվաճման գործընթաց: Դիմեցինք հանրահավաք անցկացնելու բազմաթիվ հայտերով, դիմեցինք դատարաններ, դիմեցինք եվրոպական դատարան, ԵԽԽՎ-ում անցկացրինք աշխատանք: Սկզբում փոքր խմբերով, հետո՝ հարյուր հազարանոց ցույցով մտանք Ազատության հրապարակ: Ի վերջո, պարտադրեցինք իշխանություններին հրաժարվել իրենց պլանից, ըստ որի՝ Ազատության հրապարակը ծրագրել էին հանել հրապարակային միջոցառումների անցկացման թուլատրված վայրերի ցանկից եւ արտոնել հանրահավաքներ Ազատության հրապարակում: Ճանապարհային քարտեզի այս մի էլեմենտը ձեւակերպեցինք ու փայլուն իրականացրինք:

Ճանապարհային քարտեզի երկրորդ էլեմենտը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, որը եւս փայլուն իրականացրինք. հանրահավաքային ճնշմամբ մենք հասանք բոլոր քաղբանտարկյալների անվերապահ ազատ արձակմանը: Բացի այդ, մենք պարտադրեցինք իշխանություններին հրաժարվել մարտի 1-ի էջը փակված լինելու հայեցակարգից ու ողջ աշխարհի առջեւ խոստովանել, որ սպանությունները բացահայտված չեն, եւ որ պետք է գտնել ոճրագործության մեղավորներին: Իհարկե, մենք պատրանք չունենք, որ այս սպանությունները կազմակերպած իշխանություններն իրենք կբացահայտեն այն: Բայց այստեղ կարեւոր է քաղաքական ու հոգեբանական էլեմենտը, կարեւոր է իշխանությունների կողմից սեփական մեղավորության եւ ձախողման ընդունումը՝ ողջ միջազգային հանրության առջեւ: Ու սա դառնալու է չլվացվող բիծ, որը հետապնդելու է նրանց մինչեւ վերջ:

Մեր ճանապարհային քարտեզի հաջորդական հատվածն է՝ այս երեք խնդիրների լուծումից հետո սկսել երկխոսություն՝ Հայաստանում համակարգային փոփոխությունների արդար օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորմանը մասին: Դա միակ ձեւն է, որով կարելի է կազմաքանդել ապօրինի մենաշնորհները, օլիգարխիայհի տնտեսական տիրապետությունը: Այնպես որ՝ ճանապարհային քարտեզը շատ հստակ ներկայացված է եղել հենց ամենասկզբից. 1/ հավաքների ազատության վերականգնում, 2/ Ազատության հրապարակի ազատագրում, 3/ մարտի 1-ի քննության պարտադրում, 4/ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, 5/ երկխոսություն համակարգային փոփոխությունների վերաբերյալ, 6/ արտահերթ ընտրությունների միջոցով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորում, 7/ օլիգարխիկ ռեժիմի եւ մենաշնորհների կազմաքանդում եւ Հայաստանում ազատ մրցակցային քաղաքական եւ տնտեսական համակարգի ստեղծում: Սա այն ճանապարհային պարզ քարտեզն է, որը հրապարակվել է դեռ Կոնգրեսի 2008 թվականի օգոստոսի 1-ի ստեղծման հռչակագրում, որը մենք հետեւողականորեն իրագործում ենք, որի բոլոր էլեմենտները պարզ ձեւով բացատրել ենք ժողովրդին, որի էլեմենտները բխում են հենց ժողովրդի ցանկությունից: Այնպես որ, ճանապարհային քարտեզի բացակայության, Կոնգրեսի պլանների եւ քայլերի ոչ թափանցիկության մասին պնդումները համարում եմ ծայրագույն դեմագոգիա:

- Քննադատություն է հնչում, որ թեեւ Կոնգրեսը առաջ քաշեց տասնհինգ կետանոց պահանջները, հետո դրանք նվազեցրեց, երեքն առաջնահերթ դարձրեց: Այսինքն՝ պահանջները թուլացրին, մինչդեռ, եթե իշխանությունները սկզբում չէին գնում այդ պահանջների կատարմանը, դրանց թիվը պետք է ավելացվեր, այլ ոչ թե պակասեցվեր:
- Դա էլ է դեմագոգների կողմից աղավաղում: Այն տասնհինգ պահանջները եւս համարում եմ ճանապարհային քարտեզի մաս: Երեք հիմնական պահանջ առանձնացվեց միայն մեկ ասպեկտով, որ դրանց կատարումից հետո մենք պատրաստ կլինենք մտնելու երկխոսության: Բոլոր չկատարված պահանջները մնում են ուժի մեջ եւ ենթակա են կատարման: Իսկ ամենակարեւորը հետեյալն է: Կոնգրեսն ապացուցեց, որ իր առաջ չի դնում «ամեն ինչ, կամ ոչինչ» մաքսիմալիստական, «մահ կամ ազատություն» հիշեցնող ռազմավարությունից բխող խնդիրներ, ինչը սովորաբար ավարտվում է ոչնչով կամ մահով: Այլ հստակ դնում է խնդիրներ, որոնք մի կողմից`անկյուն չեն մղում իշխանություններին, չեն առաջացնում նրանց կատաղի դիմադրությունը, մյուս կողմից` թույլ են տալիս ժողովրդին տանել քաղաքական հաղթանակներ, հասկանալ քաղաքական գործընթացի տրամաբանությունը, առաջին անգամ ՀՀ պատմության մեջ տեսնել հաղթանակող ընդդիմություն, որը իրատեսականորեն ձեւակերպում է իր առջեւ դրված նպատակներն ու քայլ առ քայլ դրանք իրականացնում:

- Կոնգրեսին նաեւ մեղադրում են խորհրդապահության, որոշումների ընդունման ոչ թափանցիկության եւ անհստակության մեջ:
- Ավելի բաց, ավելի թափանցիկ պրոցես, որին երեք ու կես տարի մասնակցում են տասնութ կուսակցություններ, ես չեմ պատկերացնում: Ով մասնակցել է Կոնգրեսի քաղխորհրդի կամ կենտրոնական շտաբի անենշաբաթյա նիստերին, երբեք չի ասել ու չի ասի, որ որոշումներն այստեղ ընդունվում են միանձնյա, ոչ դեմոկրատական կարգով: Դա միֆ է, լեգենդ՝ հորինված մարդկանց կողմից, որոնք երբեք Կոնգրեսի գործունեությանը չեն մասնակցել: Սովորաբար, երբ նման բան են ասում, հղում են անում անանուն աղբյուրներին, կամ մարդկանց, որոնք երբեք չեն մասնակցել Կոնգրեսի տարբեր մակարդակի մարմինների աշխատանքներին:
Հետաքրքրական է, որ նման մեղադրանքներ Կոնգրեսի հասցեագրվում են այնպիսի խմբերի կողմից, որոնք իրենց գործունեության հիմքում դնում են հենց ոչ թափանցիկությունը, անգամ անոնիմությունը: Դրա վառ օրինակն է հենց Lragir.am կայքի միջոցով նման մեղադրանքներ տարածած ինչ-որ «Հավասարների հավաքի» հայտարարությունը: Ծանոթանալով այդ մեղադրանքներին մենք նույն Ձեր կայքի միջոցով հրավիրեցինք այդ «նախաձեռնությանը» մեր գրասենյակ: Մենք պատրաստ էինք ցանկացած ձեւաչափով հանդիպել եւ զրուցել այդ խմբի անդամների հետ, եթե անգամ նրանք ներկայանային ամբողջ կազմով, եւ պատասխանել բոլոր հարցերին , ինչպես նաեւ ներկայացնել Հայ Ազգային Կոնգրեսում որոշումների ընդունման մեխանիզմները, իսկ եթե հարկ լիներ, քննարկեինք նաեւ այդ մեխանիզմների բարելավման ուղիները: Հակառակ մեր բոլոր ջանքերի մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել այդ խմբի անդամ որեւէ մեկի ինքնությունը, էլ չասած ֆիզիկապես հանդիպել նրանց: Մենք գործում ենք բաց եւ պատրաստ ենք բոլորի տրամադրել հետաքրքրող տեղեկատվությունը:

- Այսինքն՝ որեւէ ստվերային գործարք չկա Կոնգրեսի ու իշխանությունների միջեւ:
- Բոլոր այդ խոսակցությունները՝ ստվերայնության, ոչ թափանցիկության, պայմանավորվածությունների մասին, բացատրվում են մեկ բանով՝ գործ ունենք Կոնգրեսի այնպիսի քննադատների հետ, որոնք չեն ցանկանում ընդունել Կոնգրեսի ուժը, Կոնգրեսի արդյունավետությունը, Կոնգրեսի կարողությունը՝ պարտադրել քաղաքական օրակարգ, հետեւողականորեն հետապնդել ու հասնել դրա իրագործմանը: Ուստի՝ նրանց մնում է երկու ճանապարհ՝ կամ բացատրել, որ ոչ մի առաջնթաց չկա Կոնգրեսի թուլության եւ անվճռականության պատճառով, կամ երբ նման առաջնթացը անհնար է հերքել՝ բացատրել այն իշխանությունների հետ պայմանավորվածություններով: Այդ քննադատներն իրենց նեղություն չեն տալիս բացատրելու, որ եթե կան նման ստվերային պայմանավորվածություններ, որն է այդտեղ Կոնգրեսի զիջումը: Մենք տեսնում ենք, որ իշխանությունները զիջում են: Այդպես զիջեցին Ազատության հրապարակի, քաղբանտարկյալների, հիմա նաեւ երկխոսության կազմակերպման հարցում, կզիջեն նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում: Եվ հարց է ծագում՝ եթե կա գործարք, կա պայմանավորվածություն, ապա ինչ է զիջել Կոնգրեսը իշխանության զիջումների փոխարեն: Ինչպիսի փչացած ուղեղ պետք է ունենան, որ մեղադրեն Կոնգրեսին գործարքի մեջ առանց բացատրելու փորձ անելու՝ թե ինչ է զիջում Կոնգրեսը: Իրականում Կոնգրեսը ոչինչ չի զիջել, այլ միայն նվաճել է ու շարունակում է պայքարը նույն կոշտության, պահանջկոտության դիրքերից: Մենք ոչ մի նպատակից չենք հրաժարվել, այլ ավելի հզորացրել ենք մեր կարողությունները՝ հռչակված նպատակների իրականացման հարցում: Ուրեմն՝ որն է զիջումը, ինչն է խնդիրը: Եթե խնդիրն այն է, որ մենք չգնացինք բախումների, եթե դա կարելի է համարել զիջում, ես հաստատում եմ դա: Այո, մենք չգնացինք առճակատման, քանի որ իշխանությունները սկսեցին զիջել առանց դրա: Ու սա լինելու է մեր ռազմավարության առանցքը այնքան ժամանակ, որքան իշխանությունները կզիջեն առանց առճակատման: Սա մենք համարում ենք առավել արդյունավետ, առավել կարեւոր՝ պետականության ապագայի համար, քան երկրում իրավիճակի ինքնանպատակ, անպատեհ ու անառիթ սրումն ու ապակայունացման գնալը:

- Երկխոսությունն էլ է լինելու թափանցիկ, թե ոչ: Որովհետեւ, օրինակ են բերում, որ Լեհաստանում Սոլիդարնոստ շարժումը բանակցում էր ռադիոյով:
- Եթե սկսվի երկխոսություն, կոչ ենք անում իշխանություններին՝ ուղիղ եթերով հեռարձակել բանակցությունները: Մենք ցանկանում ենք, որ ժողովուրդը մասնակցի, ականատեսը լինի իր համար բախտորոշ քննարկումներին: Չգիտես ինչու, դեռ չսկսված երկխոսության չհեռարձակման համար նորից մեղադրում են Կոնգրեսին, «մոռանալով» որ ինֆորմացիոն այս բլոկադայի մեղավորը բռնապետությունն է: Խնդիրը հենց սա է, որ ձեւանալով բռնապետական ռեժիմի հակառակորդ, շատերը իրականում զբաղվում են միայն Շարժման քննադատությամբ: Ռեժիմի եւ Շարժման միջեւ ընթացող այս կենաց մահու պայքարում նրանք ընտրում են այնպիսի դիրքավորում, որ մի կողմից` չասոցացվեն ռեժիմի հետ, մյուս կողմից չենթարկվեն այն վտանգներին, որոնց արդեն երեքուկես տարի է ենթարկվում են Շարժման կողմնակիցները:
Ժողովրդի այս Դիմադրության Շարժման դեմ պայքարում ռեժիմի ամենամեծ դաշնակիցը հենց կոնֆորմիզմն է: Այն բազմաթիվ դրսեւորումներ ունի: Կոնֆորմիզմի առաջին խումբը կազմում են բացահայտ կոլաբորացիոնիստները, որոնց մասին ավելորդ է խոսել: Երկրորդ խումբը կազմում են բոլոր տեսակի «երրորդուժականները»: Մեր հասարակության մեջ բոլորին է հասկանալի, որ եթե կա մի ուժ, որ ռեալ շանս ունի տապալելու այս բռնապետությունը, ապա դա Կոնգրեսն է: «Երրորդուժականների» բնականաբար ոչ մի ռեալ վտանգ ռեժիմին ստեղծել չեն կարող: Նրանց միակ առաքելությունն է հասարակության մեջ Կոնգրեսի անզորության կամ ռեժիմի հետ համագործակցության մասին տպավորություն ստեղծելը: Շնորհիվ այդ առաքելության նրանք դառնում են ռեժիմի ամենաարժեքավոր դաշնակիցը եւ ռեժիմը հմտորեն օգտագործում է նրանց ամբիցիաները, վախկոտությունը եւ նրանց սնող ֆինանսական հոսքերը Շարժման դեմ այդ առաքելության սպասարկման համար: Կոնֆորմիզմի մյուս դրսեւորումը ապատիան է, երբ անտերբերության քողի տակ փորձում են թաքցնել վախը եւ քաղաքացիական պարտքից հրաժարումը: Այս ամենը հատկապես կարեւոր է երբ համեմատվում ենք Լեհաստանի հետ: Ոչ թե մեր Շարժումն է տարբերվում «Սոլիդարնոստ»-ից, ինչպես փորձում են համոզել որոշ մեկնաբաններ, այլ Լեհաստանում հենց շատ թույլ էին կոնֆորմիզմի դրսեւորումները: Լեհաստանում ոչ մի ազնիվ մտավորական կան վերլուծաբան չէր քննադատի «Սոլիդարնոստ»-ին, անգամ եթե քննադատության հիմքեր լինեին, որովհետեւ բոլորը հասկանում էին, ինչ անհավասար պայքար է մղում Շարժումը եւ ինչ վտանգների են ենթարկվում նրա բոլոր մակարդակների ակտիվիստները: Լեհաստանում շարժման կողքն էր կանգնել ողջ Կաթոլիկ եկեղեցին, իսկ դա հզոր ուժ էր: Մեր եկեղեցին, ցավոք սրտի, կառավարվում է ծառայամտության ու կոմֆորմիզմի ճիրաններում է գտնվող նեղ վերնախավի կողմից: Նույնը ցավոք սրտի, տեղի է ունենում մեր մտավորականության գերակշռող մասի հետ:

Այսօր պայքարը շատ պարզ է: Այսօր գոյություն ունի օլիգարխիայի շահերը սպասարկող բռնապետություն ու դրա դեմը դուրս եկած ժողովուրդ: Երրորդ ճանապարհ չկա: Կամ սպասարկում ես բռնապետությանը, կամ դուրս գալիս դրա դեմ: Ամեն ինչ այդքան պարզ է, ինչպես ցանկացած բռնապետության օրոք: Այո, սեւ ու սպիտակ: Հազար գույները կլինեն ժողովրդավարության հաստատումից հետո: Իսկ այսօր ամեն ոք ինքն է որոշում, արդյոք իր զավակների եւ թոռների առաջ հպարտանալու է ժողովրդավարության հաստատման համար պայքարում իր մասնակցության համար, թե ամաչելու է եւ արածների, եւ չարածների համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 13-7-2011

No comments: