Tuesday, July 26, 2011

Ինչո՞վ են ապրում աստղերը-3. Vitamin-ի տղաների, Միստր X-ի, Միշոյի, Հովոյի, Հայկոյի եւ Մկոյի, Աշոտ Ղազարյանի բիզնեսների մասին

NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հայաստանյան երգիչ-երգչուհիների, երգահանների, դերասանների, հաղորդավարների բիզնեսները: Հայտնի է, որ Հայաստանում երգիչները, կամ մշակույթի այլ բնագավառում գործող հայտնի մարդիկ զբաղվում են նաեւ գործարարությամբ: Նախորդ անգամ ներկայացրել էինք Արմինկայի, Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի, ԴերՀովայի, Անդրեի բիզնեսները http://news.am/arm/news/68375.html, իսկ դրանից առաջ անդրադարձել էինք
Լուսինայի, Աիդա Սարգսյանի, Նունե Եսայանի ու Սոֆի Դեւոյանի բիզնեսներին http://news.am/arm/news/67600.html: Այս անգամ կներկայացնենք երգչուհի Լանա Խաչատրյանի,«Վիտամին» ակումբի տղաների, երգիչներ Արթուր Հակոբյանի (Միստր X), Միշոյի, դերասաններ Հովոյի, Հայկոյի եւ Մկոյի, Աշոտ Ղազարյանի եւ Վարշամ Գեւորգյանի «ունեցած-չունեցածը»:

Երգչուհի Լանայի հայրիկը նրան փոքր բիզնես նվիրեց` «Հարսի» տեսքով
Մոտ երկու տարի է, ինչ երգչուհի Լանա Խաչատրյանը համալրել է «բիզնեսավոր աստղերի» շարքը: Ավելի քան 5 տարի գոյություն ունեցող «Հարս» հանդեսը երկու տարի առաջ հիմնադիրներից գնել եւ Լանային է նվիրել նրա հայրը: «Դա անակնկալ էր, հայրիկս էր որոշել ինձ փոքրիկ բիզնես նվիրել»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: Նա չգիտեր, թե որքան գումար է վճարել հայրիկն ամսագրի ձեռքբերման համար: Այժմ Լանան «Հարսի» տնօրենն ու գլխավոր խմբագիրն է:
«Երբ նոր էի, վախը շատ մեծ էր, կարծում էի` չեմ կարողանա համատեղել ուսումս, երգարվեստը, հանդեսը, բայց հետո շատ սիրեցի: Սկզբնական շրջանում ինձ համար շատ կարեւոր էր, որ հանդեսը պահպաներ որակը եւ սկզբունքները, ընդլայներ շրջանակները, ընթերցողները: Կարելի է ասել, որ եկամուտ ապահովում է»,- ասաց նա: Ի դեպ, այժմ հանդեսի աշխատանքները ժամանակավոր կասեցվել են փոփոխություններ անելու նպատակով եւ գլխավոր խմբագրի խոսքով` սեպտեմբերից ամսագիրը կներկայանա ամբողջովին նոր:

Vitamin-ի տղերքը հեռուստադիտողներին վիտամին են փոխանցում, իրենք էլ` գումար աշխատում
«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող Vitamin ակումբը տղաների համար եկամտաբեր բիզնես է դարձել: Հաղորդման հեղինակները, սկզբից որպես հոբբի` իրենց «հումորային» գործունեության լուրջ հիմքերը դրեցին КВН-ում, հասան մինչեւ «32-ատամ», իսկ այսօր` «Վիտամին ակումբ»:
«Դարձավ եկամտաբեր, որովհետեւ շատ մարդիկ որոշեցին, որ մեր հումորը կարող է դիտվել: Դիտողներն էլ որոշեցին շատ դիտել, դարձավ ռեյտինգային, հայտնվեց primetime-ում: Այժմ այն հեռուստատեսային պրոյեկտ է, որը գումար է վաստակում գովազդների հաշվին: Ինչ վերաբերում է նրան, որ «Վիտամինը» ելույթ է ունենում ակումբային տարբերակով, տնտեսագիտական ստրուկտուրան փոխվում է, այդտեղ կա բար, տոմսեր եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց «Վիտամին» ակումբի մասնակից Գարիկը: Նրա խոսքով` իդեալական է, երբ դու անում ես քո սիրելի գործը եւ դրա համար գումար ես վաստակում, իսկ վաստակած գումարը, նրա խոսքով, ընկերական համամասնությամբ կիսում են բոլորի մեջ:
Հայտնի մարդկանցից ոմանք ինչ-որ ժամանակ զբաղվել են գործարարությամբ, որեւէ բիզնես են ունեցել, բայց այժմ ինչ-ինչ պատճառներով չունեն: Այդ աստղերից կներկայացնենք երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X), դերասաններ Աշոտ Ղազարյանի, Վարշամ Գեւորգյանի նախկինում ունեցածները:

Միստր X-ից ձայնագրման ստուդիան գնել է «Ժպիտի» Գարիկը
Երգիչ Արթուր Հակոբյանը կամ ինչպես հանրության լայն շրջանակներին է հայտնի Միստր X-ը, ավելի քան երկու տարի ձայնագրման ստուդիա ուներ, որը վաճառել է: «Քանի որ գործունեությունս ծավալում եմ արտասահմանում, ձայնագրություններս էլ եմ այնտեղ անում, ժամանակ չունեի դրանով զբաղվելու: Ի սկզբանե` այն շահույթ հետապնդելու նպատակ չուներ եւ երբեք էլ շահույթ չեմ ստացել ստուդիայից, այն ստեղծվել է իմ, իմ ընկերների եւ բոլոր տաղանդավոր մարդկանց համար»,- ասաց Արթուրը: Միստր X-ի «X» անունը կրող ստուդիան սկզբից տեղակայված էր Մաշտոցի պողոտայում, այնուհետեւ տեղափոխվեց «Ժպիտ» ակումբի շենք, իսկ հետո ձայնագրման ստուդիան երգչից ձեռք է բերել «Ժպիտ» ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը: «Արդեն աշխատեցնում է ձայնագրման ստուդիան, շատ լավ ստուդիա է»,- ասաց ստուդիայի նախկին տերը:

Միշոն «Մաֆ ակումբը» վաճառել է ժամանակի սղության պատճառով
Երգիչ Միշոն մոտ երկու տարի «Մաֆ» ակումբ ուներ Կասկադում: Նրա նախկին պրոդյուսեր` Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ երգիչը վաճառել է ակումբը ժամանակի սղության պատճառով: «Մաֆ ակումբի» այժմյան տերը «սովորական մահկանացու է», այսինքն` հայտնի անձ չէ:
Հարցին, թե որքան եկամուտ էր ապահովում ակումբը Միշոյին, նրա նախկին պրոդյուսերը նշեց, որ դա գաղտնիք է, բայց մեկ բան հստակ է` Միշոն «Մաֆ ակումբը» վաճառել է ոչ թե քիչ եկամուտ ապահովելու, այլ ժամանակի սղության պատճառով:

Աշոտ Ղազարյանը եւս բիզնես չունի, թամադայությսւն էլ չի՞ անում
Դերասան Աշոտ Ղազարյանը նախկինում ռեստորան ուներ, իսկ այժմ չունի: Մեզ հետ զրույցում նա չցանկացավ որեւէ մանրամասն հաղորդել իր նախկին բիզնեսի մասին` նշելով, որ «մի թեթեւ բան էր կարճ ժամանակով». «Հիմա դա ի՞նչ կարեւոր է, հիմա չկա, ես ոչ մի բիզնես չունեմ»,- ասաց Աշոտ Ղազարյանը: Իսկ նա դադարեց բիզնեսով զբաղվել, քանի որ ժամանակ չկար: Ինչ վերաբերում է դերասանի` շատ բարձր վարձատրվող թամադա լինելուն, ապա նա նշեց, որ նման բան չկա: Աշոտ Ղազարյանն այժմ հանգստանում է Ջերմուկում, նա խոստացավ վերադառնալուց հետո ավելի մանրամասն զրուցել:

Վարշամ Գեւորգյանը հեռացավ բիզնեսից. Հեռուստատեսությունը լայն հնարավորություն է տալիս փող աշխատելու
«Համազգային» պետական թատրոնի դերասան, տարբեր սերիալներում («Դժբախտ երջանկություն», «Վերադարձ») նկարահանվող Վարշամ Գեւորգյանը, ով մոտ երկու տարի «Բրիջ» ակումբի տերն էր, արդեն մոտ կես տարի է` չի զբաղվում գործարարությամբ: Պատճառն, ըստ նրա, ոչ թե ակումբի անեկամտաբեր լինելն էր, այլ հոգնելը: «Հավեսով չէի զբաղվում, դարձել էր սովորական տեղ, մտածեցի, որ ավելի լավ է փակեմ, որովհետեւ անհավես էի անում»,- նշեց նա: Բիզնես գործունեությունը թողնելով` նրա մոտ ֆինանսական Ճեղքվածքներ չեն առաջացել, թատրոնում եւ կինոյում վաստակած գումարը բավականացնում է: «Հեռուստատեսությունը լայն հնարավորություն է տալիս փող աշխատելու»,- ասաց նա: «Բրիջը» այժմ աստղի չի պատկանում:

Մի շարք դերասանների, հաղորդավարների անվանումների հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում: NEWS.am-ը փորձել է պարզել նաեւ, թե իրականում ինչեր ունեն եւ ինչեր չունեն դերասաններ Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ Հայկ Մարությանը:

Հովո. Իմ բիզնեսը ես եմ
Դերասան Հովհաննես Ազոյանը («Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավոր) NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, որ ինքը ռեստորան ունի. «Որեւէ բիզնես չունեմ, իմ բիզնեսը ես եմ»,-ասաց նա:

«Կարգին տղաները» որեւէ բիզնես չունեն
«Կարգին հաղորդման» հեղինակներ, դերասաններ Մկրտիչ Արզումանյանը եւ Հայկ Մարությանը որեւէ բիզնես չունեն: Ինչ վերաբերում է «Կարգին օպտիկսին», «Կարգին կապին» («Կարգին լիմոնադը» ժամանակավոր դադարեցվել է,հավանաբար մոտ ապագայում կրկին կլինի), ապա դրանք պատկանում են տարբեր մարդկանց` բիզնեսմենների: «Մենք հաղորդում ենք այդ ամենը, գովազդում ենք, բրենդն ենք տրամադրում»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը` հավելելով, որ իրենք բիզնեսմեններ չեն եւ փայատեր չեն «կարգին բիզնեսներում», այլ պարզապես տրամադրում են իրենց անունը: Թե ինչքան գումար են ստանում տղաներն իրենց բրենդը տրամադրելու համար եւ արդյոք որեւէ եկամուտ ունեն դրանից, Մկրտիչ Արզումանյանը չցանկացավ նշել:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը

No comments: