Thursday, July 28, 2011

Ղարաբաղը Թուրքիայի արյունածոր վերքն է. Էրդողան

Tert.am. 27-7-2011- Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի արյունածոր վերքն է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Լեռնային Ղարաբաղն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արյունածոր վերքն է»,– ասել է Էրդողանը։
Համատեղ ասուլիսին խոսելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ մղվող պայքարի մասին՝ Թուրքիայի վարչապետն ասել է. «Իմ ազգի անունից շնորհակալություն եմ հայտնում սիրելի եղբորս՝ մեր նահատակների հանդեպ ցուցաբերած մոտեցման և PKK–ի հարցում ունեցած դիրքորոշման համար։ Մեր համատեղ պայքարը պետք է լինի ոչ թե միայն մի երկրի, այլ ողջ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Զարգացումները ցույց են տալիս, որ այդ հարցում մենք ձեռք-ձեռքի պետք է տանք։ Եթե Ադրբեջանն այդ հարցում խնդիրներ ունենա, նշանակում է՝ դա նաև մեր խնդիր է լինելու»։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, Ալիևի հետ համատեղ ասուլիսին Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը և այն որակել որպես «սադրանք»։
«Մեր արտգործնախարարությունը հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ։ Նման արտահատչաձևը վայել չէ պետական գործչին, երկրի նախագահին։ Ապագա սերունդներին ատելություն սերմանելը վայել չէ պետական գործիչներին։ Սարգսյանի արածը սադրանք է… Ասում է՝ «Ղարաբաղը մենք վերցրինք, Աղրը Դաղըն (Արարատ լեռ,– Tert.am) ձեզ թողեցինք»։ Նման դիվանագիտություն չի լինում։ Սարգսյանն այստեղ շատ լուրջ սխալ թույլ տվեց։ Պետք է ներողություն խնդրի և ետ կանգնի այդ սխալից»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

No comments: