Wednesday, July 20, 2011

Ուղիղ եթերում վիճել են հայ հոդվածագիրն ու քուրդ պատգամավորը

Tert.am.20-7-2011- Թուրքական A Haber հեռուստաալիքի եթերում վիճաբանություն է տեղի ունեցել «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Մարգար Եսայանի և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուի միջև։ Այս մասին տեղեկացնում է beyazgazete կայքը։
Հաղորդման ընթացքում, որի հիմնական թեման եղել է օրեր առաջ PKK–ի և թուրք զինվորների միջև տեղի ունեցած բախումն ու քուրդ պատգամավորների` խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշումը, Մարգար Եսայանն ասել է Քյուրքչուին, թե նա դատարկաբանությամբ է զբաղված։
«Բավականին խոսեցիք, սակայն ոչինչ չհասկացա։ Շատ գեղեցիկ խոսեցիք, սակայն թե ինչ եք առաջարկում որպես քաղաքական գործիչ, ոչինչ չկարողացա հասկանալ։ Իրականում դատարկ բաներ եք ասում։ Ես ոչինչ չհասկացա»,– ասել է Եսայանը։
Քուրդ պատգամավորը, զայրանալով հայազգի հոդվածագրի դիտողության վրա, շատ կոպիտ է սկսել խոսել։
«Լեզուդ քեզ քաշիր։ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանն աջակցելուց բացի ուրիշ էլ ի՞նչ գիտեք»,– ասել է Քյուրքչուն, որին ի պատասխան Եսայանն ասել է. «Այո, աջակցում եմ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Մի՞թե դա հանցանք է»։
«Սա նման է ոչ թե պատգամավորի և լրագրողի, այլ «Արդարություն և զարգացում» և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների կողմնակիցների վիճաբանության»,– ասել է քուրդ պատգամավորը։

No comments: