Thursday, July 28, 2011

ՏԵՂԱՆՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 28-07-2011 -Լեհաստանի նախագահի պաշտոնական ընդունելությանն Իլհամ Ալիեւը վերստին «փայլել է պատմական եւ լեզվագիտական խոր գիտելիքներով» եւ հայտարարել, որ «Լեռնային Ղարաբաղը վաղնջական ադրբեջանական հող է, «Ղարաբաղ» բառն ադրբեջաներեն է, նրա բոլոր տեղանուններն ադրբեջանական են»:
Մենք ստորեւ կփորձենք պարզաբանել, թե ո՞ր լեզվով եւ ինչպե՞ս են ստուգաբանվում «Ադրբեջան» եւ «Բաքու» տեղանունները` հիմք ընդունելով բացառապես հանրագիտարանային, միջազգայնորեն վաղուց շրջանառության մեջ դրված եւ բոլորի համար պարտադիր դարձած տեղեկություններ, որոնք քաղել ենք Google որոնողական կայքից:
Եվ այսպես. «Ազերբեյջան (ավելի ճիշտ` Ադարբայգան) անվանումը դասական պարսկերենի արաբացված ձեւ է, որը ծագում է միջին պարսկերեն Aturpatakan-ից (տես` հայերեն Atrpatakan): Այն պատկանում է խորոնիմների, ուստի եւ` էթնոնիմների այն դասին, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդի կամ նախնու էպոնիմից, տվյալ դեպքում` Մարաստանի վերջին աքեմենյան սատրապ Ատրոպատի անունից... Ատրպատական տերմինը կազմավորվել է միջին պարսկերենի պատրոնոմիկ «ական» վերջածանցի միջոցով` Ատրոպատ անունից»:
Այնուհետեւ. «Ըստ հանրաճանաչ վարկածի, Բաքու քաղաքի անվանումը ծագել է խոսակցական պարսկերենի bad- kubeh-ից, որ նշանակում է «քամու հարված»: Հավանաբար դրանից էլ առաջացել է «Բաքու` քամիների քաղաք» անվանումը: Բայց մասնագետները գտնում են, որ պարսկերեն այդ ձեւը շատ ուշ ժամանակի է եւ վկայված է միայն 17-րդ դարից... Ահմեդ Քասրեւի Թավրիզին 8-րդ դարի հայ պատմիչ Ղեւոնդի` խազարների արշավանքի նկարագրության մեջ հիշատակած «Աթշ- Բագուանը» նույնացնում է հին Բաքվի հետ եւ բառի իմաստը բացատրում որպես «աստծո քաղաք»... Քաղաքի անվան ստուգաբանությունը բացատրվում է Սասանյանների ժամանակի հին պարսկերենով»:

Ինչպես տեսնում ենք, թե՛ «Ադրբեջան», թե՛ «Բաքու» տեղանունները, կասկած չպետք է ունենալ` նույն կերպ նաեւ այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական տեղանունների մեծագույն մասը ստուգաբանվում է ոչ թե ազերի թուրքերենով, այլ` պարսկերենով: Ավելին, հանրագիտարանային, ընդ որում` հեղինակավորագույն Բրիտանական հանրագիտարանի կողմից պատրոնոմիկ նշված «ական» վերջածանցը ոչ միայն պարսկերենում, այլեւ հին եւ արդի հայերենում նույն գործառույթն ունի: 5-րդ դարի հայ պատմիչներն արդեն իսկ գիտեին «Ատրպատական» տեղանունը` որպես Պարսկաստանի մի մարզ: Նույն կերպ «բագ- աստված» բառը հայերենում նույնպես գործածական է: Այդ արմատով բաղադրված մի շարք տեղանուններ է նշում հայ պատմագրությունը` Բագարան, Բագավան, Բագրեւանդ եւ այլն: Վերջապես, հետագայի հեղինակ Թավրիզին, ինչպես պարզ նշում է հանրագիտարանային տեղեկությունը, «Բաքու» քաղաքը տեղորոշելիս հիմք է ընդունել 8-րդ դարի հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկությունը, որ խազարները, արշավելով Կասպից ծովի արեւելյան առափնյակ, ավերել են «Աթշ- Բագուան գավառը»:

Իսկ ահա նույն հանրագիտարանային աղբյուրները «Ղարաբաղ»-ը ստուգաբանում են թուրքերեն «ղարա» (սեւ) եւ պարսկերեն «բաղ» (այգի) բառերով, բայց եւ միաժամանակ նշում, որ այդ անվանումը հայտնի է ոչ ավելի վաղ, քան 12-13-րդ դարերից եւ հստակ ավելացնում, որ նախկինում այն «կազմում էր հայկական երկու նահանգ` Արցախ (լեռնային) եւ Ուտիք (դաշտային հատվածը)»:

Սրանք են ակադեմիական գիտությանը հայտնի տեղեկություններն Իլհամ Ալիեւին հուզող թեմայի վերաբերյալ: Հույս պահենք, որ «լիկբեզ»-ի սույն հեռակա դասն օգտակար կլինի ՄԳԻՄՕ-ի երբեմնի «կաղ բադիկ»-ին, եւ նա հետայսու չի չարաշահի օտարերկրացի հյուրերի քաղաքավարությունը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: