Wednesday, July 20, 2011

Սահակաշվիլին խորապես վիրավորել է վիրահայ երիտասարդությանը

News.am. 20-7-2011- Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող մշակութային եւ հասարակական ակտիվ գործունեություն վարող վիրահայ երիտասարդությունը խորապես վիրավորված է, որ Թբիլիսիում թերեւս միակ նորմալ գործող հայկական 104 միջնակարգ դպրոցի փորձառու տնօրենի փոխարեն Սահակաշվիլին նշանակել է 25-ամյա մի երիտասարդի, ում ազգանունը, թեեւ ավարտվում է «յան»-ով, բայց նա խոսում ու գործում է վրացերենով:
«Ես ուզում եմ, որ հայերն ի վերջո կարողանան ինքնուրույն որոշում կայացնել: Շատ վիրավորվեցի, երբ իմացա, որ հայկական դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանին Սահակաշվիլին հանել է, նրա տեղը նշանակելով 25-ամյա մի երիտասարդի»,- ասել է պարուհի Դիանա Մարգարյանը, ով այդ դպրոցի սաներից է եղել:
«Թիվ 104 դպրոցը միակ հայկական դպրոցն էր, որի պատերից անգամ զգացվում էր հայկական շունչը: Այստեղ մուտք գործող յուրաքանչյուր երեխա ոչ միայն կրթվում եւ դաստիարակվում էր հայեցի, այլեւ պահպանում էր նաեւ հայկական ոգին: Սակայն վերջերս այն արդեն կորցրել է իր դերակատարությունը, իսկ նախկին տնօրեն Կարինե Մանուկյանը փորձում էր այն ատամներով պահել: Նա ինքն էր հայ ընտանիքներին խնդրում, որ երեխաներին բերեն հայկական դպրոց, փորձում էր երեխաների մեջ պահպանել հայությունը: Իսկ այս 25-ամյա տղան, ով հայկական ազգանուն ունի, բայց հայերեն չգիտի ամեն ինչ կկործանի: Այս ամենով Սահակաշվիլին երեւի ուզում է հասկացնել, որ ոնց ուզի կվարվի մեզ հետ»,-ասել է նա:
Վիրահայ երգիչ, մի շարք փառատոնների դափնեկիր Գեւորգ Մինասյանն էլ կարծիք է հայտնել, որ վրացիները միշտ էլ ազգայնամոլ են եղել, ինչ ուզել դրել են հայերի գլխին, իսկ հայերը ապրելով տվյալ տարածքում`ձայնազուրկ են եղել:

«Երբ երգում էի վրացական երգչախմբում, ինձ տնօրենը մի օր քաղաքակիրթ ձեւով հասկացրեց, որ եթե ուզում եմ լավ ապագա ունենալ, ապա պետք է դառնամ Մինասաշվիլի կամ Մինասաձե, ինչն, իհարկե, չարեցի»,-հիշում է վիրահայ երգիչը: Իսկ հարցին, թե ի՞նչն է վրացական կողմի նման վերաբերմունքի պատճառը, նա պատասխանեց. «Սահակաշվիլին գիտի, իրենից հարցրու»:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ շնորհելուն, ապա վիրահայ երիտասարդության կարծիքը միանշանակ է. «Վրացական եկեղեցու համար վտանգավոր է, որ կրոնական միավորումները ունենան իրենց սեփականությունը, ինչպես նաեւ գործեն ինքնուրույն»:

Ըստ Հայաստանում վրացական «Իվերիա» բարեգործական համայնքի երիտթեւի ղեկավար Աննա Բարսեղյանի, վրացական եկեղեցու վրդովմունքը շատ արդարացի էր, քանի որ Սահակաշվիլին փորձեց մտնել մի ոլորտ, որի կարգավորումը կաթողիկոսի գործն էր:
«Եթե եկեղեցուն շնորհվում է իրավաբանական կարգավիճակ, ապա թող դա փոխադարձ լինի: Ցավալի է, բայց այս ամենը բացասաբար ազդեց հայ-վրացական հարաբերությունների վրա: Դժվար է ասել, թե ինչ ելք կունենա այս ամենը, բայց վստահ եմ, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները չեն վատթարանա»,-նշեց վրացական համայնքի երիտթեւի ղեկավարը:

No comments: