Tuesday, July 19, 2011

ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը` մամուլի դիտանկյունից

Tert.am. 19-7-2011- Երեկ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի և իշխող կոալիցիայի պատվիրակությունների առաջին հանդիպմանն այսօր լայնորեն անդրադարձել է հայաստանյան մամուլը։
«Շատ համարժեք պատվիրակություններ ձևավորվեցին երկուստեք՝ այստեղ և դեմագոգ կա, և դիմացինի պորտը տեղը դնող, և երկար-բարակ խոսքի վարպետ, և կամերաների առաջ սեթևեթելու մեծ մասնագետ։ Մի խոսքով, քաղաքական ողջ սպեկտրը՝ իր լավ ու վատ կողմերով, ներկայացված է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«168 ժամ»-ը քննարկմանն անդրադարձել է «Երկխոսենք զմիմեանս» վերնագրով. «Միանգամից արձանագրենք, որ շատ ծիծաղելի, սակայն միևնույն ժամանակ, ողբերգական տեսարան էր։ Ծիծաղելի էր, քանի որ ամեն ինչ ընթանում էր իշխանությունների սցենարով. Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի դահլիճում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի զբաղեցրած հարկաբաժնում երեկ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակները մեծագույն ուրախությամբ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձևավորած աշխատանքային խմբի անդամների հետ»։
«Ազգ» օրաթերթը գրում է. «Ո՞վ պետք է լինի իշխանական պատվիրակությունում, որ Լևոն Զուրաբյանն ուզենա հարց քննարկել. «Գործող նախագահը, իշխանության բոլոր այն ներկայացուցիչները, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է՝ արտահերթ ընտրությունների համար։ Մեր կարծիքով, դե ֆակտո այդ հարցերը լուծում է Սերժ Սարգսյանը։ Պնդում ենք, որ պատվիակությունը պետք է ունենա հստակ լիազորություններ Սերժ Սարգսյանի կողմից»։ Այսինքն՝ Զուրաբյանն ակնարկում է՝ Տեր-Պետրոսյան-Սարգսյան տետ ա տետ հանդիպման մասի՞ն, թե՞ ՀԱԿ-ը նազ է ծախում, որպեսզի միանգամից տրվելով լրիվ չանվանարկվի»։

«Առավոտ» օրաթերթի խմբագրականն այսօր գրող Արմեն Շեկոյանի ոճով է։ «Ընդդիմությունն արհամարհանքով նայեց իշխանության կողմը և ասաց. «Վաբշե, որ ուզում ես իմանաս, ես քո հետ էս սեղանն էլ չպիտի նստեի»։ Իշխանությունը զարմացավ՝ «խի՞ չպիտի նստեիր»։ Ընդդիմությունը մի քիչ մտածեց և ասաց. «Որտև դու գործադիր իշխանություն չես»։ Իշխանությունն էլ մեղմ ժպտաց ու ասաց. «Բա որ քեզ ուղարկում եմ վարչապետի մոտ, խի՞ չես գնում։ Նա գործադիր իշխանություն չի՞»։ Ընդդիմությունը զայրացած ոտքի կանգնեց ու գոռաց. «Դու ո՞վ ես, որ ինձ տեղ ուղարկես»։ Իշխանությունն էլ ոտքի կանգնեց, ձեռքը դրեց ընդդիմության ուսին և ասաց. «Լավ, կռիվ մի արա, ուզո՞ւմ ես՝ վարչապետին քո մոտ կուղարկեմ»։ Ընդդիմությունը իշխանության ձեռքը հանեց իր ուսից, մի քիչ մտածեց ու պատասխանեց. «Չէ, պետք չի ինձ քո վարչապետը, ինձ հրամանագիր ա պետք»։ Իշխանությունը խորամանկ ժպտաց և հարցրեց. «Ի՞նչ հրամանագիր։ Քյասար ասա, ուզում ես գաս իմ տեղը նստես ու իշխես»։ Ընդդիմությունը բաժակը ցմրուր դատարկեց ու ասաց. «Որ պետք լինի, քյասար էլ կասեմ»։ Իշխանությունն էլ իր բաժակը խմեց, մի քիչ մտածեց ու ասաց. «Հիմա էլ ես ուզում եմ քո կենացին պատասխան խոսք ասեմ»։ Ընդդիմությունը, իր ափսեի մեջ պոմիդոր–վարունգի սալաթը դնելով, ասաց. «Չէ, հիմա մի ասա, միտինգից հետո կասես»։ Էդ պահին սենյակ մտավ Վազգեն Մանուկյանը՝ խորովածի ու «պրիբորի» ամանները ձեռքին, մի քիչ մտածեց ու ասաց. «Քաշեք, քանի տաք ա»»։

No comments: