Tuesday, July 5, 2011

Պատերազմի վերսկսումը մեծ ռիսկ է Ադրբեջանի ռեժիմի համար. Իսկանդարյան

Tert.am. 4-7-2011- Կազանյան հանդիպումից հետո Հայաստանը կտրուկ չի փոխի իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ ԼՂ կարգավորման հարցով բանակցությունները կշարունակվեն նույն տեմպով և արմատական փոփոխություններ չեն լինի։ Քաղաքագետի խոսքով՝ ինքը չէր կարծում, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը կարող էր ինչ–որ անսպասելի բան լինել կամ էլ՝ որևէ համաձայնություն ձեռք բերվել։
Անդրադառնալով կազանյան հանդիպումից հետո Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններին՝ քաղաքագետը նշեց, որ Մինսկի խմբի ձևաչափը կայացած է, և այն հրաշալիորեն կատարում է իր առջև դրված խնդիրը։ «Եվրոպայի խորհուրդը չի կարող փոխարինել Մինսկի խմբի ձևաչափին։ Սա հերթական պղպջակն է, որը հայտնվել է մամուլում և հետևանքն է Ադրբեջանի դժգոհության՝ կապված Մինսկի խմբի հետ»,– ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, որ բանակցություններում առավել ակտիվ է Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը, Իսկանդարյանը նախ նշեց, թե «ակնհայտ է, որ Ռուսաստանը ունի գործընթացը պահելու և շարունակելու քարտ բլանշ»,– ապա ավելացրեց, որ Ռուսաստանի ակտիվությունը Մինսկի խմբի մյուս անդամների հետ համաձայնեցված է։
Իսկանդարյանն այն համոզմանն է, որ Մինսկի խմբի խնդիրը խաղաղության, ներկա ստատուս քվոյի պահպանումն է, ինչպես նաև ԼՂ հակամարտության համար Մինսկի խմբի միջազգային ներկա ձևաչափը պահպանելն է, ինչը խումբը հրաշալի կատարում է։
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ Իսկանդարյանն ասաց, որ սահմանային փոխհրաձգությունները կպահպանվեն, ինչը քաղաքական քայլ է, սակայն պատերազմի համար հարկավոր են այլ ռեսուրսներ, որոնք, ըստ նրա, Ադրբեջանն այսօր չունի։
«Ես չեմ կարծում, որ Արբեջանի ղեկավարությունը հիմար է, որովհետև պատերազմի վերսկումը Ադրբեջանի տնտեսության համար հսկայական ռիսկ է պարունակում»,– հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրենը՝ ավելացնելով, որ եթե պատերազմ սկսվի, դա կտևի 5 օր, սակայն ոչ մի հարց չի լուծի Ադրբեջանի համար։ «Պատերազմի վերսկսումը մեծ ռիսկ է Ադրբեջանի ռեժիմի համար»,– եզրափակեց փորձագետը։

No comments: