Tuesday, July 5, 2011

Չսպասված երազ քաղաքական դաշտի համար

Կոնգրեսի հետ երկխոսության ժամանակ ՀՀԿ օրակարգում կլինի ավելի որակյալ ու լավ ընտրությունների անցկացումը: Այս մասին Lragir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

- Ինչպես կմեկնաբանեք Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
- Դա նախընտրական ելույթ էր հիշեցնում: Այդպես որոշակի նախադրյալներ է ստեղծում՝ հետագա ռազմավարությունը մշակելու համար: Կարծում եմ՝ նման հայտարարությունը տեղին չէր, ամիսներ շարունակ չենք ուզում նույնը կրկնել, որ արտահերթ ընտրությունների որեւէ հիմք չկա: Պետք է ժողովրդին հասկանալի մոդել ստեղծել: Այնքան այս ամենը շահարկվեց, որ ըստ էության, որեւէ խնդրի լուծում կամ որեւէ արդյունքներ կանխորոշելը դժվար է:

- Ի վերջո, իշխանությունները պատրա՞ստ են գնալու երկխոսության՝ պատվիրակությունների մակարդակով բանակցությունների:
- Իշխանությունն ամեն րոպե, ամեն ժամ ցանկացած կուսակցության հետ պատրաստ է երկխոսության գնալ: Եւ չեմ կարծում, որ նոր մոդել է ընդդիմությունը ստեղծել, թե իբր երկխոսություն չկար, աշխարհում նոր մոդել է հիմա ստեղծվել ու քաղաքական ուժերը հիմա պետք է դա օգտագործեն: Մենք միշտ էլ պատրաստ ենք: Պարզապես՝ այն քաղաքական ուժը, որը հայտարարել է երկխոսության մասին, պետք է բացատրի, թե ինչպես է երկխոսությունն ինքն ընկալում: Մեր ընկալմամբ՝ քաղաքական պրոցեսներն ու սցենարներն այնպիսին են, որ ցանկացած դեպքում կուսակցություններն ուզեն, թե չուզեն, երկխոսության մեջ են գտնվում: Կուսակցությունների հիմնական խնդիրը հենց սա է՝ մշակել երկրի քաղաքական կյանքը: Մենք գնում ենք կայունության պրոցեսներով, եւ փորձում ենք որոշակիորեն հասկանալ մեր ընդդիմախոսներին կամ մրցակիցներին:

- Կոալիցիայի ու Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները մինչեւ սեպտեմբեր նստելո՞ւ են արդյոք մեկ սեղանի շուրջ:
- Մենք մեր օրակարգն ունենք, մյուս քաղաքական ուժերի հետ այս կամ այն կերպ փորձում ենք լուծումներ գտնել: Օրակարգի հիմնական հարցը կարող է լինել հետեւյալը. ինչպես անել, որ մեզանում ընտրություններն ավելի որակյալ ու լավ լինեն: Դրա պատճառով էլ հենց եղան Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Այսօր էլ պատրաստ ենք այդ ուղղությամբ քննարկումների: Եթե այսօր էլ քաղաքական ուժերը կարողանան համախումբ մտածել, վերահսկողական միջոցառումներն իրականություն դարձնել, կարծում եմ՝ կունենանք լավ ընտրություններ: Սա է քաղաքական օրակարգում դրված: Ովքեր ցանկանում են՝ փորձում են համագործակցել: Ովքեր չեն ցանկանում, պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել, որ փոքր-ինչ մտածված գործեն քաղաքական ուժերը: Երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը լավ ընտրություններ անցկացնելն է: Այս նպատակով մենք պատրաստ ենք ամեն օր, ամեն ժամ քննարկել քաղաքական ուժի հետ:

- Եթե Սերժ Սարգսյանը հանկարծ երկխոսության արդյունքում որոշում կայացրեց արտահերթ ընտրություններ անցկացնել, ՀՀԿ-ն ինչպե՞ս կընդունի այդ փաստը:
- Կարծում եմ՝ դա չսպասված երազ կլինի քաղաքական դաշտի համար եւ չեմ կարծում, որ ռեալ է դրա քննարկումը:

- Եթե իշխանությունները չկատարեն Կոնգրեսի պահանջներն ու ողջամիտ ժամկետները սպառված համարելով, ընդդիմությունն այլեւս սեպտեմբերից ջրբաժանի տարբերակով գնա, ի՞նչ եք անելու:
- Մենք պատրաստ ենք դիմագրավելու ցանկացած վտանգ: Մենք նաեւ ասում ենք, որ քաղաքական այն ուժն ենք կամ կոալիցիոն այն քաղաքական միավորումն ենք, որ պատրաստ ենք լավ ընտրություններ անցկացնելու համար համագործակցել, մտածել նոր մեխանիզմների, նոր մոտեցումների մասին: Իսկ եթե որեւէ քաղաքական ուժ իրենից վտանգ ներկայացնի պետության նկատմամբ, բնականաբար, պատրաստ ենք նաեւ դիմագրավելու:

- ՀՀԿ ներսում տիրող տրամադրությունների մասին. վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն մեկ ամիս է՝ ակտիվորեն սկսել է զբաղվել քաղաքական, կուսակցական գործունեությամբ: Ամեն շաբաթ օր այս կամ այն մարզում անդամատոմսեր է հանձնում ՀՀԿ-ականներին, եւ այլն: Արդյոք սա չի խոսում այն մասին, որ նա է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը ու արդեն իսկ նրան նախապատրաստում են դրան:
- Կուսակցության ցանկացած անդամ, մանավանդ նրանք, ովքեր ղեկավար մարմիններում են, պարտավոր են կատարել կուսակցության որոշումները:

- Այսինքն՝ որոշվել է, որ ի՞նքն է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, թե որոշվել է, որ նա պետք է ակտիվ կուսակցաշինությամբ զբաղվի:
- Ոչ: Ես ինքս էլ մեկնում եմ շրջան. նայած ինչ դեպքում, մեր գործիչներից ով է գնում մարզեր, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումներն ավելի ամրապնդել:

- Տիգրան Սարգսյանի՝ կուսակցական ակտիվ կյանքով ապրելն ինչով է պայմանավորված:
- Ես արդեն ավելի քան 20 տարի է՝ շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, բայց որեւէ մեկը չի փորձում մտածել, որ ես ցուցակը պիտի ղեկավարեմ: Այսօր մեզանում չի քննարկվում որեւէ մեկի՝ ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարելը: Դասական մոդելը՝ յուրաքանչյուր կուսակցության նախագահ ինքն է ղեկավարում իր կուսակցության մոդելը:

- Ի վերջո, Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ է այդպես ակտիվ կուսակցական գործունեությամբ զբաղվում:
- Ակտիվ է, որովհետեւ ՀՀԿ անդամ է, եւ ցանկացած կուսակցության անդամ իր հնարավորությունների չափով պիտի ներդրում ունենա: Ես դրա մեջ լավ բան եմ տեսնում:

- Բայց նախկինում նա այնքան էլ ակտիվ չէր, միայն վերջին ամիսներին է նկատվում այդքան ակտիվություն:
- Կուսակցական գործունեությունը հաջորդ առավոտյան չի սկսվում: Մարդիկ ընդգրկվում են կուսակցության շարքերը, կարողանում են կուսակցության ողջ սցենարներին ու հոգեբանությանը տիրապետել: Այնուհետեւ՝ ով ինչքան ուժ ունի, ներդնում է կուսակցության ողջ աշխատանքներին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 4-7-2011

No comments: