Wednesday, July 13, 2011

Կոնգրեսն էլ արդեն չի կարող օգնել

«Լրագիր» 13-7-2011- Իշխանությունը նախապես համոզում է Կոնգրեսին ճանաչել ընտրությունները
Պարզվում է, որ իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի միջև երկխոսության նպատակը վստահությունը վերականգնելու ձգտումն է: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, գրում է “Գոլոս Արմենին”:
“Եթե նախագահի թեկնածուներն ազնիվ նախընտրական պայքար տանեն, ճանաչեն քվեարկության արդյունքները և շնորհավորեն հաղթողին, ապա ժողովուրդն էլ չի ասի, որ ընտրությունները կեղծված են”, ասել է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, երկխոսությունն իրականացվում է նրա համար, որպեսզի համոզեն ընդդիմությանը ընտրությունների ավարտին ճանաչել դրանց օրինականությունը և մարդկանց բողոքի ցույցերի չտանել: Հասկանալի է, որ դրա համար հարկ կլինի վճարել, սակայն դրա համար ափսոս չէ նույնիսկ մանդատների 25 տոկոսը: Իսկ ընդդիմությունը, դատելով ամենից, ավելիին չի էլ սպասում:
Ստացվում է, որ “վստահության մթնոլորտը” և լեգիտիմացումը իշխանության համար ընդդիմության հանրահավաքների բացակայությանն է: Իսկ այն, որ ժողովուրդը կորցրել է վստահությունը ընտրական ինստիտուտին և վերջնականապես այն կորցնում է, եթե իշխանությունն ու ընդդիմությունը գործարք կնքեն, չի հուզում ոչ մեկին:
Միջազգային կազմակերպությունները տագնապ են բարձրացնում կապված այն բանի հետ, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը վստահության բացակայությունն է: Մարդիկ չեն հավատում պետական ինստիտուտներին, ընտրությունների արդարությանը, այն բանին, որ իշխանությունը ձևավորվում է դրանց արդյունքում, այլ ոչ թե անդրկուլիսային գործարքների: Եվ եթե նույնիսկ ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարի, որ դրանք անցել են բոլոր չափանիշներին համապատասխան, ոչինչ չի կարող համոզել այդ մարդկանց, որոնց կաշառք են առաջարկել կամ էլ հարկադրել են դառնալ ՀՀԿ անդամ: Իսկ դա նշանակում է, որ իշխանության լեգիտիմության մասին խոսք լինել չի կարող:
Եվ եթե ինչ-որ մեկն իրոք ցանկանում է վերականգնել վստահությունը, ապա պետք է սկսի ոչ թե ընդդիմության վրա հոգեբանական ճնշումից, ինչպես օրինակ` մեր երկրում չեն կարողանում ընդունել պարտությունը, այլ նոր ԿԸՀ-ի ձևավորումից (առանց երիտասարդ քարտուղարուհիների և հին անդամների), հեռուստահաճախականությունների բաշխման նոր մրցույթի հայտարարումից, որովհետև առանց անկախ հեռուստաընկերությունների ընտրությունների մասին խոսել անիմաստ է, դատարանների բարեփոխումից, որն այժմ համարվում է իշխանության կցորդ: Առանց այս 3 ինստիտուտների փոփոխության վստահության մասին բոլոր խոսակցությունները դառնում են հանցավոր գործարքի ծածկոց:
«ՀՀԿ նկատմամբ վստահության մակարդակի մասին դատելու են ձայներով, որոնք կստանան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Կստանան այնքան, որքան ունեին, նշանակում է, որ պահել են վստահությունը, ստանան ավելի` նշանակում է սկսել են ավելի շատ վստահել: Ամեն ինչում անհրաժեշտ է օբյեկտիվ հիմք», ասում է Սերժ Սարգսյանը, նույնիսկ տեսականորեն չենթադրելով, որ ՀՀԿ-ն կարող է ավելի քիչ ձայն ստանալ, քան ունի այժմ:

Դա նշանակում է, որ իշխանությունը մտադիր է գործարքի գնալ Կոնգրեսի հետ, ոչ թե իր, այլ ուրիշ կուսակցությունների մանդատների հաշվին: Սերժ Սարգսյանն էլ կոալիցիոն կուսակցություններից ընդգրկել է պատվիրակության մեջ, որպեսզի իրենք բանակցություններ վարեն Կոնգրեսի հետ իրենց ձայները նրանց տրամադրելու մասին: Ես ոչ մի կապ չունեմ, ինքներդ պայմանավորվեք: Ինձ համար գլխավորը ՀՀԿ տեղերի պահպանումն է, մնացածը ձեր գործն է, կարծես ուզում է ասել նա:
Եթե ՀԱԿ-ին ձեռք է տալիս իրադարձությունների նման ընթացքը, նա կշարունակի երկխոսել, հակառակ դեպքում, մինչ նորմալ ընտրությունների մասին խոսելը, Կոնգրեսը պետք է նոր հաճախականությունների մրցույթ պահանջի: Ըստ ուսումնասիրությունների, Հայաստանի քաղաքացիների 90 տոկոսը տեղեկատվություն է ստանում հեռուստատեսության միջոցով, և միայն 7 տոկոսը` ինտերնետի: Ընդ որում, հեռուստատեսության օբյեկտիվությանը հավատում է միայն 8 տոկոսը:

Ինչպես է մտադիր Կոնգրեսը վերահսկել ընտրությունները, տեղեկացնել խախտումների մասին, հասարակությանը ներգրավել քաղաքացիական պայքարի, եթե հասանելի չէ բնակչության 90 տոկոսին:
Նաիրա Հայրումյան

No comments: