Wednesday, July 13, 2011

«Նեզավիսիմայա գազետա». Բաքուն վախենում է, որ ԼՂ հարցում կարող է հայտնվել ծուղակում

Panorama.am. 13-7-2011- Բաքվում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ը ղարաբաղյան հարցի առնչությամբ ցանկանում են ծուղակը գցել Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Այդ թեման ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկելու է Վաշինգտոնում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իսկ առաջիկայում խնդրի քննարկման համար Մոսկվա է այցելելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Չնայած Կազանում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային չեղավ, Մոսկվան, այնուամենայնիվ, քայլեր է ձեռնարկում հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար։
Բաքվում որևէ պաշտոնական գնահատական չի տրվել Մոսկվայի առաջարկությունների վերաբերյալ։ Սակայն մի շարք վերլուծաբաններ իրենց կարծիքն են արտահայտել այդ հարցի առնչությամբ: Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բխում է Ռուսաստանի շահերից, միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի տարածքային ախորժակը զսպելու փոխարեն Սմոլենսկի հրապարակում որոշել են, որ Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի համախմբված ջանքերով կհաջողվի այնպես անել, որ Ադրբեջանը հայտնվի ծուղակում՝ առաջարկվող փաստաթղթում դնելով ապագայում ԼՂ անկախության ճանաչման հիմքը, բայց Բաքուն երբեք էլ իր համաձայնությունը չի տա։
Փոխարենը, նա հայկական փոքրամասնությանն Ադրբեջանի կազմում առաջարկում է եվրոպական ընդունելի տարբերակներով կեցության պայմաններ։
Ստեղծված իրավիճակում շատ բարդ է որևէ կանխատեսումներ անել ռուսական առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական՝ 10-րդ հանդիպման հավանականության մասին։ Սակայն, ըստ ադրբեջանցի փորձագետների, մեկ բան հստակ է՝ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու համար համանախագահները պետք է ճնշումներ գործադրեն հակամարտող կողմերի վրա:

No comments: