Wednesday, July 27, 2011

Եթե ոչ՝ արդյունք, ապա՝ առճակատում. Լևոն Զուրաբյան

Tert.am. 26-7-2011- «Կարող եմ շնորհավորել Ձեզ և ասել, որ այսօրվա հանդիպմանը օրակարգը ձևավորվեց»,- Հայ ազգային կոնգրեսի և կոլիցիայի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա նշեց, որ եթե իշխանության հետ առաջին հանդիպման ժամանակ ճշտվեցին պատվիրակությունների լիազորություններն ու երկխոսության ձևաչափը, ապա այս հանդիպմանը կողմերը կարողացան ձևավորել երկխոսության օրակարգը։
Զուրաբյանի խոսքով՝ Կոնգրեսն առաջարկել է Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման համար անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա՝ կոալիցիայի պատվիրակությունը որպես օրակարգային հարց առաջարկել է քննարկել պատշաճ ընտրությունների կազմակերպման հարցը:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին, ժամը 12-ին: Կքննարկվի օրակարգի բովանդակությունը: Ըստ նրա՝ իշխանության պատվիրակությունը մերժել է ուղիղ հեռարձակման կամ յուրաքանչյուր հանդիպումից հետո կես ժամ հանրային եթեր տրամադրելու Կոնգրեսի պահանջը:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի հանրահավաքների իրազեկման հոլովակները հեռուստաեթերով հեռարձակելու Կոնգրեսի մյուս առաջարկին, Զուրաբյանի խոսքով, իշխանության պատվիրակությունը այդ պահանջին դեռ չի պատասխանել:
«Ոստիկանության ահաբեկումների, տրանսպորտային խոչընդոտների» վերաբերյալ Կոնգրեսի մտահոգությանն ի պատասխան, ըստ Զուրաբյանի, իշխանության պատվիրակությունը խնդրել է իրենց տրամադրել նման ահազանգերի մասին փաստեր: Կոնգրեսն իր հերթին տեղեկացրել է, որ իրենք նման բողոքների փաթեթ են ուղարկել կառավարության համապատասխան բաժնին, և Զուրաբյանի խոսքով, Դավիթ Հարությունյանը խոստացել է զբաղվել այդ հարցով:
Հարցին՝ «Որքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանությունը կհամաձայնի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին», Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այնքանով եմ հավանական համարում, որքանով հավանական է Հայաստանի առաջընթացը»:
ՀԱԿ համակարգողը նշեց նաև, որ երկխոսության արդյունքների առումով իրենք շարունակում են սեպտեմբերը համարել վերջնաժամկետ:
«Երկրում լրջագույն քաղաքական ճգնաժամ է, և այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խաղաղ ճանապարհը մենք համարում ենք լավագույնը, դրա համար էլ բանակցում ենք»,- հայտարարեց Զուրաբյանը: Հարցին, որ եթե արդյունք չլինի խաղաղ ճանապարհով բանակցելուց, ինչ կլինի, Զուրաբյանն արձագանքեց. «Ուրեմն լինելու է առճակատում»:

No comments: