Wednesday, July 27, 2011

Թուրքագետ. Թուրքիան շարունակելու է իր բացասական դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում

News.am. 26-7-2011- Թուրքիան բացասական դերակատարություն է ունենում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում եւ շարունակելու է պահպանել իր դիրքորոշումը նաեւ մոտ ապագայում: Այդ մասին այսօր` 26-ին, մամուլի ասուլիսում ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ` շարունակելով պաշտպանել Ադրբեջանի շահերը, որոշ դեպքերում նույնիսկ Ադրբեջանից էլ ավելի շատ:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա, թուրքագետի կարծիքով, այդ երկրների միջեւ հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե եղբայրական ժողովուրդների տեսանկյունից, այլեւ` որպես իրենց շահերը հետապնդող երկու առանձին պետությունների: «Իհարկե, Թուրքիայի շահերը թելադրում են, որ Ադրբեջանը պետք է լինի իր դաշնակիցը, քանի որ Թուրքիայի` Հարավային Կովկասում վարած ռազմավարությունում Ադրբեջանին հատկացված է կարեւոր դեր: Ադրբեջանն էլ իր հերթին շահագրգռված է այդ դաշինքով»,-ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով` դաշնակցային հարաբերություններին զուգահեռ, այդ երկու երկրների միջեւ կան հակասություններ էներգակիրների հարցում, որոնք, մասնավորապես, կապված են Nabucco նախագծով տարանցիկ գազի գների հետ:
Սակայն, Սաֆրաստյանի կարծիքով, այդ տարաձայնությունները չեն կարող հանգեցնել հարաբերությունների վատթարացման, քանի որ վերոհիշյալ երկրները ռազմավարական դաշնակիցներ են:

No comments: