Friday, July 8, 2011

Թեհրանը դեմ է ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացին Իրանի ադրբեջանցիների՞ պատճառով

News.am. 7-7-2011- WikiLeaks կայքը գաղտնազերծել է հերթական փաստաթուղթը, որը վերաբերում է Հայաստանին: Այդ փաստաթղթում առկա է հայ-իրանական հարաբերությունների մանրամասն վերլուծություն, որը կազմել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
Փաստաթղթի նախաբանում նշվում է, որ Բաքվում այն ժամանակվա դեսպան Էնն Դերսիի ենթականերից մեկը 2007-ի օգոստոսին այցելել է Երեւան եւ հանդիպել քաղաքական շրջանակների, գործարարների եւ մշակույթի գործիչների հետ: «Հայ մասնագետները համոզված են, որ Իրանի միջուկային ձգտումներն անշրջելի են: Բացի այդ, նրանք նշել են, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանմամբ, մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Արտաքին հարաբերություններով զբաղվող փորձագետների եւ գիտնականների շրջանակում վստահ են, որ ԱՄՆ-ը շատ քիչ բան կարող է անել Իրանի միջուկային ծրագիրը խոչնդոտելու համար: Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, ով ՀՀՇ-ի ակունքներում է կանգնած եղել, ամերիկացի դիվանագետների հետ զրույցում ասել է, որ Իրանի տնտեսությունն այդքան թույլ չէ, որ Թեհրանը ստիպված լինի փոխել իր քաղաքականությունը»,- ասված է փաստաթղթում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից հնարավոր ռազմական հարվածներին, ապա Շահնազարյանը դա «ոչ խելամիտ քայլ» է համարել: «Եթե անգամ ԱՄՆ-ը ռազմական հաջողությունների հասնի, դրան կհետեւեն շատ լուրջ քաղաքական խնդիրներ»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետների հետ զրույցում Շահնազարյանը խոսել է նաեւ հայ-իրանական հարաբերություններից: «Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առեւտրային կապերով:
Գոյություն ունի բարձր մակարդակի համագործակցություն քաղաքական խնդիրների ու անվտանգության ոլորտներում»,- նշել է Շահնազարյանը, հատուկ ընդգծելով, որ Իրանը չի ցանկանում առաջընթաց տեսնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում, քանի որ դա թույլ է տալիս Թեհրանին շեղել Ադրբեջանի ուշադրությունը Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանցիների խնդիրներից:

No comments: