Friday, July 8, 2011

ԿՈՎԿԱՍՑԻ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԸ

«ԱԶԳ», 08-07-2011- Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հայկական խաչքարերին նվիրված ցուցահանդեսին առնչված տհաճ միջադեպի մասին պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Սյուզան Բիլելլոյին, որը ցուցանմուշներից հայկական պատկանելությունը նշող պիտակների վերացման փաստը մեկնաբանեց այսպես. «Հայաստանը 2006 թվին ստորագրելով ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման կոնվենցիան` պարտավորվեց ճանաչել այդ արժեքների միջոցով տարբեր ազգային մշակույթների մերձեցումը եւ խթանել միմյանց երկխոսությունը: Մեզ մոտ ընդունված գործելակերպ է, երբ որեւէ երկրի մշակութային ժառանգություն մաս է կազմում մեկ այլ երկրի մշակույթի, ցուցահանդես կազմակերպելուց առաջ մենք պարտավոր ենք խորհրդակցել տվյալ երկրի հետ»: Անշուշտ, Բիլելլոն «մեկ այլ երկրի մշակույթի մաս» ասելով նկատի ուներ Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական խաչքարերը, որոնք բարբարոսական ոչնչացումից փրկելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույն հետեւողականությունը չցուցաբերեց:
Ոչ միայն սա, եվրոպական հեղինավոր շատ այլ կազմակերպություններ են այսօր դարձել ադրբեջանական ապատեղեկատվության թիրախ: Ազգային վարկանիշի բարդույթների պատճառով այս երկրի գաղափարախոսներն իրենց անցյալն ամեն կերպ տոհմականացնելու նպատակով մեթոդաբար կեղծում եւ սեփականում են հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող փաստեր:
Այդ շարժման թիվ մեկ գաղափարախոսներից է ազերի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատուներից մեկըՙ Իլգար Մամեդովը, որը երկար տարիներ եղել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը, մասնագիտությամբ պատմաբան է եւ իրավաբան: Երկու տարի առաջ նա ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խորհրդականն էր եւ հաճախակի էր մասնակցում նյույորքահայության կազմակերպած մջոցառումներին: Ես նրան հանդիպեցի Կոլումբիա համալսարանումՙ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին նվիրված մի կոնֆերանսի ժամանակ, երբ թղթակցում էի «Ամերիկայի ձայն» հեռուստածրագրին: Ընդմիջմանը խոսափողն ուղղեցի նրանՙ Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստի մասին պարզաբանում ստանալու համար: Մամադովի պատասխանը ցնցող էր իր պատմական նորահայտությամբ.
«Ես մասնագիտությամբ պատմաբան եմ,- ասաց նա,- եւ գիտեմ որ Նախիջեւանի, ինչպես նաեւՙ Ղարաբաղի տարածքում ապրել են կովկասցի ալբանացիներ: Նրանք եղել են քրիստոնյաներ, ստեղծել են խաչքարեր, որոնք տարբերվում են հայկական խաչքարերից: Կովկասցի ալբանացիների գերեզմանոցը Նախիջեւանում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ մեր թվարկության 8-րդ դարի հնություն ունի: Ինչ վերաբերում է Նախիջեւանի հայկական գերեզմանոցին, ապա այն 19-րդ դարի երեւույթ է: Ադրբեջանցիները հայկական խաչքարեր չեն ոչնչացրել: Ես դիտել եմ այդ տեսաժապավենը, որից նման եզրահանգման գալ չի կարելի: Այս հարցով Եվրոխորհրդի հանձնաժողովը պետք է գար Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ, սակայն հայկական կողմը դեմ եղավ այդ այցին»:
Մամեդովը նկատի չուներ այսօր Եվրոպայի կենտրոնում ապրող ալբանացիներին (թերեւս ո՞վ գիտի), որոնց հետ ադրբեջանցիները եվրոտեսիլյան «ֆլիրտների» մեջ են: Խոսքը ներկայիս լեզգիների մասին էր, որոնք, ըստ Վիկիպեդիայի տվյալների, նախկինում կոչվել են կովկասցի ալբանացիներ: Ահա նրանց մշակույթին է նաեւ ցանկանում հավակնել Ադրբեջանը: Դարեր առաջ, երբ աշխարհի քարտեզին գոյություն չուներ «Ադրբեջան» աշխարհագրական անունը, ըստ հայ պատմագրական աղբյուրներիՙ լեզգիների նախնիները ապրել են պատմական Ուտիքում կամ Աղվանքում, ինչը նույնպես մաս է կազմել հայոց քաղաքակրթության: Սակայն այս մասին գիտական խոր հիմնավորումները թողնենք պատմաբաններին եւ հնագետներին:
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք
Նկար 1. Իլգար Մամեդով

No comments: