Wednesday, July 13, 2011

Բաքուն պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ աշխատել Երևանի հետ հենց այսօր. Մամեդյարով

Tert.am. 13-7-2011- Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ–ն, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Կարծում եմ՝ որոշակի առաջընթաց գրանցվել է, և մենք հանգիստ կարող ենք անցնել խաղաղ պայմանագարին»,– ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ի պատասխան այն հարցին, թե «Բաքուն ե՞րբ կարող է սկսել հայկական կողմի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները», Մամեդյարովն ասել է. «Թեկուզ հենց այսօր»։
«Տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, թե Կազանում տեղի ունեցած հանդիպումը չպսակվեց հաջողությամբ։ Սակայն ես այդ տեսակետին համաձայն չեմ։ Ես ավելի շատ կիսում եմ այն դիրքորոշումը, որ, նախ և առաջ, ինչն արտացոլված է նախագահների հայտարարությունում, մերձեցում տեղի ունեցել է, և երկրորդ, մենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է շարունակենք բանակցություններն առանց որևէ փիարի, հիստերիայի, պետք է շարունակենք աշխատանքները դիրքորոշումների մերձեցման համար»,– ասել է Մամեդյարովը՝ ավելացնելով. «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ նույն դիրքերից, ինչ 2010թ. Սոչիի հանդիպումից հետո։ Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ պայմանագրի տեքստի մշակման շուրջ աշխատանքները հաշվի առնելով այն, ինչը արված է։ Կազանը թույլ տվեց մեզ շարժվել առաջ»։
«Մենք հասկանում ենք, որ դեռ կան չհամաձայնեցված տարրեր, սակայն դրանք ամեն դեպքում պետք է արտացոլվեն խաղաղ պայմանագրում։ Եվ եթե իրականում կա բարի կամք, եկեք միանգամից սկսենք աշխատանքները՝ առանց սպասելու հիմնարար սկզբունքների առնչությամբ բանակցությունների հաջորդ փուլին»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովի խոսքով՝ «հիմնարար սկզբունքները՝ որպես հիմք, արդեն գոյություն ունեն, և առկա է այն ընկալումը, թե խաղաղ կարգավորման առնչությամբ որ ուղղությամբ ենք շարժվում»։
«Հիմնարար սկզբունքներում գոյություն ունեն չհամաձայնեցված դետալներ, և ինչու ջանքեր ծախսել այդ տարրերի համաձայնեցման ուղղությամբ, եթե դրանք ամեն դեպքում արտացոլվելու են խաղաղ պայմանագրում»,– ասել է Մամեդյարովը՝ կոչ անելով անհապաղ սկսել աշխատանքները խաղաղ պայմանագրի շուրջ։
«Եկեք ցույց տանք ողջ աշխարհին մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք անմիջապես սկսել աշխատանքներն իրավաբանորեն պարտադրող խաղաղ պայմանագրի շուրջ, քան՝ քաղաքական փաստաթղթի»,– ասել է Էլմար Մամեդյարովը։

No comments: