Wednesday, July 13, 2011

Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով Ալիևի հայտարարությունը աբսուրդային է

Panorama.am. 13-7-2011- Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը անդրադառնալով Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու խնդրին նշել է, որ նման խոսակցությունները աբսուրդային են և ոչ տրամաբանական: Վերջինս նաև նշել է, որ եթե ապագայում նման հարց քննարկվի, ապա Ղարաբաղն այդ կարգավիճակը պետք է ունենա Ադրբեջանի Հանրապետության սահմաններում: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Էլհան Պոլուխովը հավանաբար ծանոթ չէ Ադրբեջանում ունեցած դիրքով իրենից բարձր պաշտոնատար անձանց՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա իսկ աշխատակազմի առանցքային դեմքերից մեկի՝ Ալի Հասանովի հնչեցրած մոտեցումներին: Վերջիններս խոսել են ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մասին՝ նշելով նաև, թե դա ադրբեջանական կողմի զիջումն է:
Էական չէ, որ թե՛ Ալիևը, և թե մնացած քաղաքական գործիչները շրջանցում են ԼՂ վերջնական կարգավիճակի մասին «Մադրիդյան սկզբուքններում» առկա դրույթը, էականն այն է, որ ամենաբարձր մակարդակով Բաքվում ի վերջո բարձրաձայնել են ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մասին, սակայն դրանից անմիջապես հետո, այդ երկրի ԱԳՆ-ն ժխտողական կեցվածք է ընդունում
Կրկնենք, նախօրեին կառավարության նիստում ունեցած իր ելույթում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ բանակցային սեղանին դրված առաջարկներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տալու խնդիրը, ինչին ադրբեջանական կողմն իր համաձայնություն է տվել:
Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում. ԱԳՆ ընդվզում է նախագահի դե՞մ, թե՞ դրսևորում է իր անիրազեկությունը: Բոլոր դեպքերում տեղի ունեցածից «խուճապի հոտ է գալիս»:

Մի կողմից այդ երկրի նախագահն ու աշխատակազմի աղդեցիկ պաշտոնյանները խոստովանում են, որ բանակցային սեղանին դրված է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցը, որին ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը, մյուս կողմից, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նման հայտարարությունները համարում է աբսուրդային և ոչ տրամաբանական:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն աչքի է ընկնում մեծ թվով հակասություններով: Նախ, վերջինս իր հայտարարության սկզբում, կարելի ասել, խոսում է Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու բացառման մասին, իսկ դրանից անմիջապես հետո նշում, որ եթե ապագայում Ղարաբաղին կարգավիճակ տրվի, ապա միայն Ադրբեջանի սահմաններում: Այսինքն՝ մի կողմից վերջինս բացառում է միջանկյալ կարգավիճակ տալու հարցը, մյուս կողմից՝ խոսում թե ինչ սահմաններում կարող է տրվել այդ միջանկյալ կարգավիճակը:
Անդրադառնալով դիտարկվող դրույթին, հիշեցնենք նաև, որ մեկ ամիս առաջ, «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս անդրադարձել էր դրան. «Ժամականավոր կարգավիճակը, որ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի համար մինչև հանրաքվեի անցկացումը, չպետք է ավելի ցածր լինի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է: Հատուկ կարգավիճակը չպետք է նշանակալից տարբերություն ունենա այն կարգավիճակից, որն այս պահին ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի այդ ժամականակավոր կազմավորման միջազգային ճանաչումը»,- նշել էր Ա. Կասպրչիկը:

No comments: