«Լրագիր» 26-7-2011- Երկխոսության երկրորդ հանդիպումը կայացավ, եւ զուտ առերեւույթ, այն ոչնչով չտարբերվեց առաջինից` էլի դռների մոտ սպասող տասնյակ լրագրողներ, ու էլի դռների հետեւում մոտ երկու ժամ խոսող երկու պատվիրակություն: Խոսելուց հետո դուրս գալով լրագրողներին ընդառաջ, պատվիրակությունների ղեկավարները, առանձին-առանձին, պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնցից թերեւս նորությունն այն էր, որ ձեւավորվել է երկխոսության օրակարգ:Կոնգրեսն ու կոալիցիան առաջարկել են օրակարգի իրենց պատկերացումը` մեկն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություն հոկտեմբերին, իսկ մյուսն էլ քաղաքական կյանքի կանոնների հստակեցում, որի տակ կստորագրեն քաղաքական դաշտի բոլոր ուժերը:
Երբ լսում ես այդ ամենը, ապա որպես լրագրող զգում ես խաբվածության զգացում, որ կանգնել ու սպասել ես մոտ երկու ժամ, ընդամենն իմանալու համար, որ ձեւավորվել է օրակարգ, ընդ որում ոչ թե կոնսենսուսային սկզբունքով, այլ հետեւյալ կերպ` լավ, եկեք քննարկենք թե ձեր, թե մեր ասածները: Այսինքն, ստացվում է, որ այդ սկզբունքով, համաձայնելով քննարկել արտահերթ ընտրության հարցը, կոալիցիան կարող էր ասենք Կոնգրեսին պարտադրել երկխոսության օրակարգում քննարկել Սարի Թաղի աղբահանության խնդիրը` “դե դուք արտահերթն եք ուզում քննարկել, մենք էլ ուզում ենք սա քննարկել” սկզբունքով:
Երկխոսության սկզբից ի վեր շատ է խոսվում դրա պատմականության, աննախադեպության մասին, նոր քաղաքական մշակույթի մասին: Եթե կա այդ ամենի գիտակցումը, ապա թերեւս ճիշտ կլիներ, որ երկխոսության ընթացքում նաեւ նոր մշակույթի բերվեր մամուլի հետ շփումը, որ պատվիրակության ղեկավարները ոչ թե առանձին-առանձին ոտքի վրա հանդիպեին ոտքի վրա երկու ժամ սպասած լրագրողների հետ, այլ նույն հանդիպման սրահում կազմակերպվեր մամուլի ասուլիս, ընդ որում համատեղ: Այլապես, օրինակ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ եթե մինչեւ սեպտեմբեր բանակցության ընթացքում որոշում չկայացվի արտահերթի վերաբերյալ, ապա Կոնգրեսը կգնա առճակատման ճանապարհով, իսկ Դավիթ Հարությունյանը հայտարարում է, թե իր կարծիքով այդ հայտարարությունն ընդամենը մարտավարական նպատակներից ելնելով է արվում եւ ինքը չի կարծում, թե Կոնգրեսը իսկապես կգնա սրացման:
Եթե լիներ համատեղ մամուլի ասուլիս, ապա երեւի թե շատ ավելի հստակ պատկեր կստացվեր Զուրաբյանի եւ Հարությունյանի հայտարարությունների առումով: Մեծ հաշվով, երեւում է, որ երկխոսության գործընթացը զուտ ընթացակարգային առումով կազմակերպվում է բավական փնթի, ինչը հարիր չէ պատմական իրադարձությանը, վճռորոշ եւ ճակատագրական զարգացումներին: Պետք է խնամել դրանք, փայփայել, գուրգուրել այդ զարգացումները բոլոր առումներով: Չէ որ պատմականությունը ենթադրում է բոլոր, անխտիր բոլոր ասպեկտների ու դետալների կարեւորություն:
Եթե ձեւավորվել է օրակարգ, ապա թերեւս ժամանակն է նաեւ ստեղծել երկխոսության մամուլի կենտրոն, որտեղից թարմ եւ ամենօրյա տեղեկատվություն կտարածվի երկխոսության գործընթացի, կողմերի գործունեության մասին: Չէ որ տարօրինակ կլինի գործընթաց համարել միայն հանդիպումների ժամանակ տեղի ունեցողը: Չէ որ պատվիրակությունները ներքին քննարկումներ էլ կունենան, քննարկումներ կունենան իրենց ընդհանուր ուժերի շրջանակում, իրենց առաջնորդների հետ: Այդ ամենը թող լինի բաց ու հրապարակային: Եթե գնում ենք աննախադեպ ճանապարհով, ապա թերեւս արժե գնալ մինչեւ վերջ եւ ցուցաբերել լիարժեք աննախադեպություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment