Wednesday, July 27, 2011

Իշխանությունը սկուտեղի վրա էր

«Լրագիր» 27-7-2011- ՀՀ նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մինչեւ սեպտեմբեր կսպասի Կոնգրես-իշխանություն երկխոսության արդյունքներին, թեեւ ինքը կտրուկ մոտեցումների կողմնակից է: Իսկ արդյունք Բագրատյանը կհամարի արտահերթ ընտրությունների անցկացումը:
- Երկու երեք անգամ իշխանությունը դրած է եղել սկուտեղին, չենք վերցրել, դրա համար պատասխանատվություն ենք կրում, օրեցօր երկիրը վարի է գնում,- ասաց նա:
Ըստ Բագրատյանի` երկու-երեք անգամ այդ վիճակը եղել է վերջին նախագահական ընտրություններից հետո եւ մեկն էլ՝ այս տարվա մարտին: Նա նշեց, թե իշխանությունը չեն վերցրել` մտահոգություն ունենալով Ղարաբաղի հարցում:
Բագրատյանը կարծում է, որ աշնանը, սակայն, Ղարաբաղի խնդիրը չի խանգարի Կոնգրեսին կտրուկ գործողությունների գնալ:

- Կոնգրեսը մտածում է, որ ինքն ամեն ինչ արեց, որ այդպես չլինի... մենք գործողություն ենք ուզում տեսնել,- նշեց նա:

Երկխոսության մասին խոսելիս Բագրատյանը նշեց, թե Կոնգրեսը մեծ ռիսկի է գնացել: Ըստ նրա` իրենք ունեն ակնկալիքներ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է ասել:

- Մենք կարիք չունենք Դավիթ Հարությունյանի խոսքերը լսելու: Մենք գիտենք, որ ինքը ոնց էլ գցես, կատվի պես ոտքերի վրա է կանգնելու: Ճարտար լեզու, խոսքեր: Մենք գործողություն ենք ուզում տեսնել ,- ասաց նա:

Նախկին վարչապետը հավատում է արտահեր ընտրությունների անցկացման հավանականությանը:

- Այո, այս պահի դրությամբ ես հավատում եմ, հավատում եմ, որ մենք մեր ուզածին կհասնենք, սեպտեմբերին արդեն եթե չանեն, չեմ հավատա,- նշեց նա ու վստահեցրեց, որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ` անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում կորդեգրի այս ընթացքում:

Հարցին, թե ինչ իմաստ ունեն արտահերթ ընտրությունները, եթե հերթականին քիչ ժամանակ է մնացել, Բագրատյանը նշեց, որ նույնիսկ 24 ժամ շուտ արտահերթ ընտրություններ անելը կարեւոր է` քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Իսկ այդ դեպքում` պետությունը պետք է իր վրա վերցնի ընտրությունների կազմակերպումը, եւ ըստ նրա` ընտրակեղծիքների դեմն այդպես հնարավոր կլինի առնել:
- Անգամ 1 օր առաջ արժե արտահերթ ընտրություններ անել: Օրը նշանակություն չունի: Արտահերթ՝ նշանակում է, որ հասարակությունը չհամաձայնեց ստեղծված իրավիճակին,- ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու Կոնգրեսը տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ երկխոսության չգնաց իշխանությունների հետ:
- Եթե սկսենք տնտեսական հարցեր քննարկել նրա հետ, կլեգիտիմացնենք իշխանություններին,- ասաց Բագրատյանը` դա համարելով անիմաստ: Մյուս կողմից, ըստ նրա, Կոնգրեսը հրապարակել է 100 քայլ ծրագիրը, ու եթե իշխանություններն ուզում են տնտեսական բարեփոխումների գնալ, պարզապես պետք է կատարեն այդ 100 քայլերը:

No comments: