Thursday, July 28, 2011

ԱԶԱԴԼԻԳ. «ԵՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ»

«ԱԶԳ», 28-07-2011- Չնայած Եվրոմիությունում վերջերս նախագահությունը ստանձնած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողել մեկ անգամ եւս խոսելու «20 տոկոս բնիկ ադրբեջանական տարածքների, 1 մլն փախստականների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի» մասին, սակայն ադրբեջանական «Ազադլիգը» Լեհաստանի նախագահի այցը Բաքու անհաջող է անվանել Իլհամ Ալիեւի համար «բոլոր առումներով»:
Նախՙ «Ազադլիգ» պարբերականը գրում է, որ երկու երկրների նախագահների համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ լրագրողի տված հարցի պատասխանում Լեհաստանի նախագահը խուսափել է աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը, ավելին, նա շեշտել է ազգերի ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը: «ԼՂ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւոր լինելուն հավասար կարեւոր է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ամենավտանգավորն այն է, որ ոմանք այս հարցին մոտենում են աշխարհագրության եւ քաղաքական պայմանների համատեքստում», ասել է նախագահ Կոմորովսկին: Թերթը հակասություններ է նկատել Ալիեւի եւ Կոմորովսկու հայտարարություններում: «Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը կողմ է Եվրոմիության հետ համագործակցությանը, եւ որ ԵՄ-ի հետ այդ հարցի քննարկման ժամանակ տարակարծություններ չեն հնչել: «Մենք հետաքրքրված ենք, որ այդ կապերին նոր խթան տրվի, քանի որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն», ասել է Ալիեւը: Այս խոսքերով Ադրբեջանի նախագահը ցանկացել է ասել, որ պատրաստ են ոչ թե կիսելու Եվրոպայի հետ նույն արժեքները, այլ պարզապես առեւտուր անելու, ինչպես դա առկա է Իրանի եւ Եվրոպայի երկրների, Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Բայց Կոմորովսկին, խոսելով ինտեգրումից, «ռմբակոծել է» Ալիեւի թեզիսները: «Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցիատիվ անդամության համաձայնագրի բանակցություններն հաջողությամբ ավարտվեն, քանի որ մեզ պետք է միավորեն նույն սկզբունքներն ու կանոնները»: Ալիեւի եւ Կոմորովսկու բառապաշարի գլխավոր հակասությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարն ակնարկել է ԵՄ-ի հետ որեւէ խնդիր չլինելու մասին, իսկ Լեհաստանի ղեկավարը հայտարարել է, որ «ԵՄ-ին եւ Ադրբեջանին պետք է նույն արժեքները միավորեն»: Այսինքն` դեռ առկա է ընդհանուր արժեքների խնդիր: Ինչպես երեւում է, ներկայումս ԵՄ նախագահող երկիր Լեհաստանի ղեկավարի Բաքու այցը բոլոր առումներով անհաջող է անցել Իլհամ Ալիեւի համար: Մյուս կողմից էլ պաշտոնական Բաքուն ցույց է տվել, որ ցանկություն չունի հրաժարվելու իր հակաժողովրդավարական դիրքից: Իսկ դա, ամեն դեպքում, Ալիեւի համար նոր գլխացավանք է նշանակում», եզրահանգել է «Ազադլիգ»-ը:

No comments: