Thursday, July 28, 2011

Թուրքական մամուլի և պետական այրերի վայնասունը` կապված ՀՀ Նախագահի` հայ երիտասարդներին ուղղված կոչի հետ

Panorama.am. 27-7-2011- Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակից երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Արևմտյան Հայաստանի (Արարատով հանդերձ) հնարավոր ազատագրությանը: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր հետևյալը.
«Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը...»:

Պատմական արդարությունը վերականգնելու համար հայ երիտասարդներին հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցման կոչած ՀՀ Նախագահի խոսքը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, որը հետզհետե վերածվեց, այսպես ասած, վայնասունի: Առաջինը ահազանգը հնչեցրեց թուրքական մամուլը. առաջատար լրատվամիջոցները (NTV, Hurriyet, Milliyet) Սերժ Սարգսյանի այդ պատասխանի մեջ նկատել տվեցին հետևյալ ամփոփ ուղերձը` «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»: Տպագիր և էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»: Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արևմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պահանջատիրությունը:

Թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո դժգոհության ձայն բարձրացրեց նաև Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Իրենց հասարակությանը, հատկապես երիտասարդությանը խաղաղ և բարեկեցիկ ապագայի նախապատրաստելը պետական պաշտոնյաների հիմնական պարտքը պետք է լինի: Իսկ հակառակ մոտեցումը, ժողովուրդների միջև թշնամանքի և ատելության գաղափարախոսական հորդորները` ուղղված երիտասարդներին և գալիք սերունդներին, վերին աստիճանի անպատասխանատու պահվածք է»:

Թուրքիայի ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությանը հաջորդեցին այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի տրտունջները: Հարցազրույց տալով ադրբեջանական «Xezer» հեռուստաընկերությանը` Էրդողանը նախագահ Սարգսյանի վերոնշյալ արտահայտության առնչությամբ դժգոհություն է հայտնել և նշել, որ նման մոտեցման պարագայում անհնար կլինի Հայաստանի հետ հասնել խնդիրների լուծման: Էրդողանն առիթը բաց չի թողել դարձյալ հիշեցնելու, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Հայաստանը լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ: Հարցազրույց վերցնողն ազերի լինելու պատճառով, իհարկե, տրամաբանական հարց չի տվել, թե այդ դեպքում ինչու են Թուրքիայի սահմանները բաց իր մյուս հարևանների հետ, եթե դեռ Անկարան ինքն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ իր իսկ հարևանների հետ:

Էրդողանի գանգատը ՀՀ Նախագահի խոսքերից շարունակել է եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Նրա թյուր կարծիքով հայոց արդար դատին հետամուտ լինելու, պատմական կորուսյալ հայրենիքի ազատագրումը ապագայում սրբազան պարտքի պես կատարելու մասին ՀՀ նախագահի կոչը, այլ բան չէ, եթե ոչ երիտասարդներին խավարի մեջ ուղարկել: Այսպիսի ենթադրություն ուրիշ ոչ ոք չէր կարող անել, բացի խավարամիտը:

«Գիտեմ, որ Թուրքիայում բնակվող հայկական համայնքի անդամները Սարգսյանի այդ սադրիչ հայտարարությունից մեծ անհանգստություն են ապրել: Հուսով, որ նրանք ևս վճռաբար ցույց կտան իրենց ընդդիմանալը: Իսկ Սերժ Սարգսյանը պետք է իմանա, որ այդ ուղուց չշեղվելու դեպքում անպայման պատասխանը կստանա»,- ասել է Բաղըշը:

Այսպիսով Թուրքիան լրատվական, գերատեսչական, վարչապետի ու նախարարի մակարդակներով արձագանքեց ՀՀ նախագահի` Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին հնչեցրած տեսակետին: Հայաստանին մեղադրեցին, իբրև թե, ապակառուցողական պահվածքի, հողային պահանջատիրություն ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայություն հաստատելու գործին խոչընդոտելու համար:

Նկատենք, որ հենց պաշտոնական Անկարայի անպատասխանատու պահվածքի հետևանքով է, որ «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կարգախոսն այդպես էլ մնաց կարգախոսի կարգավիճակում: Ցյուրիխյան արձանագրություններով հանձն առած պարտավորությունները չկատարելու, նախապայմանների առաջքաշումով երկխոսության իրական հնարավորությունը տապալելու, սուլթանական բառապաշարով հայերին Թուրքիայից արտաքսելու մասին հայտարարություններ անելու վարքագծով է հենց Անկարան խոչընդոտել և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու բարի գործին: Իսկ Արարատն ու Արարատի փեշերի հայոց պատմական հողերը հափշտակած, հայկական մշակութային հետքերը ջնջել ջանացող Թուրքիան դատապարտված է իր արյունոտ անցյալի հետ առերեսվելու և հաշիվ տալու: Խնդիրը միայն ժամանակի մեջ է: Իսկ Արարատն ու Արևմտյան Հայաստանը իրենցը կարծող վերոնշյալ պարոնները զավակներն են այն ժողովրդի, որի նախնիները` քոչվոր սելջուկները, Հայկական լեռնաշխարհ են ներթափանցել 11-րդ դարի կեսերին, իսկ նստակյացության անցնել 13-րդ դարի վերջին միայն: Մինչդեռ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել ու արարել է այդ հողերում:

Հեղինակ` Մխիթար Նազարյան

No comments: