Tuesday, July 12, 2011

ԱՄՆ–ն փորձում է հրահրել թուրք–քրդական բախումներ. Ահմադինեժադ

Tert.am. 12-7-2011-ԱՄՆ–ն փորձում է թուրք–քրդական բախումներ հրահրել, որի հիմնական նպատակն Իսրայելին փրկելն է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպմանը ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
«Թշնամիները տարածաշրջանի երկրների և հատկապես Թուրքիայի և Իրանի առաջընթացից երջանիկ չեն։ Այդ երկրները պետք է ուշադիր լինեն ԱՄՆ–ի ծրագրած խաղի մեջ չհայտնվելու համար։ Նրանք ցանկանում են հրահրել շիա և սուննի մահմեդականների, ինչպես նաև քրդերի և թուրքերի միջև բախումներ։ Այդ ամենի նպատակն է փրկել սիոնիստական ռեժիմն ու կարգավորել իրենց տնտեսական վիճակը»,– ասել է Ահմադինեժադը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրների համար ամենամեծ սպառնալիքն Իսրայելն է։
Կոչ անելով ուշադիր լինել արտաքին միջամտության հարցում՝ Ահմադինեժադն ասել է. «Եթե օտարերկրացիները միջամտեն տարածաշրջանի երկրների ներքին գործերին, դրանից կտուժեն բոլոր երկրները։ Տարածաշրջանի ժողովուրդը չպետք է թույլ տա դա»։
Անդրադառնալով թուրք–իրանական հարաբերություններին՝ Մահմուդ Ահմադինեջադն ընֆգծել է երկու երկրների միջև առկա կապերի կարևորությունը։
«Թշնամիներին անհանգստացնում է Իրանի և Թուրքիայի մոտ հարաբերությունները, որովհետև նրանք այդ հարաբերություններն ընկալում են ի վնաս իրենց։ Երկու երկրներն իրենց և տարածաշրջանի ժողովուրդների շահերի համար շատ բան կարող են անել»,– ասել է Իրանի նախագահը։

No comments: