Wednesday, July 20, 2011

ՀԱԿ-ը պատրաստ է նոր հանդիպման

Tert.am. 19-7-2011- Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իշխանության հետ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման։ 5 կետից բաղկացած հայտարարությունը ներկայացվում է ստորև։
1. Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման։

2. Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում։

3. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։

4. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

5. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։

No comments: