Wednesday, July 20, 2011

ԱՄՆ-ում փաստաբաններն աշխատում են Հայոց ցեղասպանոության զոհերի ժառանգների փոխհատուցման հարցի կարգավորման ուղղությամբ

News.am. 20-7-2011- Ամերիկյան շրջանային դատավորը հուլիսի 18 -ին ութնօրյա ժամկետ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման դատավեճի մասնակից փաստաբաններին` հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվելու համար: Այդ մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Գլեդելցի փաստաբան Վարդգես Եղիայանի միջնորդությունում վիճարկվում են փաստաբաններ Մարկ Գիրագոսի եւ Բրայան Կաբատեկի կողմից ներկայացված` ֆրանսիական ապահովագրական «Axa S.A.» կողմից ստեղծված փոխատուցման հիմնադրամի տվյալները 346 050 դոլարի մասին: Եղիայանը, ով մի ժամանակ Գիրագոսի եւ Կաբատեկի հետ համատեղ Հայոց ցեղասպանության ժառանգների փոխհատուցման հայցեր էր ներկայացրել, կոչ է արել աուդիտ անցկացնել այն բանից հետո, երբ «Axa» հիմնադրամում լրացուցիչ հաշվետվությունը 2,8 մլն դոլար է ցույց տվել:
Մի քանի տարի առաջ «New York Life Insurance» եւ «Axa» ապահովագրական ընկերությունները պայմանավորվել էին ստեղծել առանձին հիմնադրամներ` ընդհանուր 37,5 մլն դոլարով` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման հարցը կարգավորելու համար: Կաբատեկը հայտարարել է, որ հաշիվներում անհամապատասխանությունն է ի հայտ եկել, երբ ինքն ու Գիրագոսը նայել են դրանք եւ նկատել, որ մոտ 100 քաղաքացու հաշվի չեն առել վճարման հաշվարկում: «Հենց մենք ենք բացահայտել դա: Հենց մենք ենք այդ մասին հայտնել դատարանին»,-ասել է Կաբատեկը:

Նա խոստովանել է, որ մինչ այդ փաստը բացահայտելը, ինքն ու Գիրագոսը փորձում էին փակել հիմնադրամը, քանի որ կարծում էին, որ բոլոր ժառանգները փոխհատուցում ստացել են: Հիմա արդեն նրանք հանդես են գալիս հիմնադրամի պահպանման օգտին, քանի դեռ բոլորը փոխհատուցում չեն ստացել:

Եղիայանը հաստատում է, որ հիմնադրամի փակման մասին դիմումը տրվել է առանց իր համաձայնության:

«Ամենակարեւորն այն է, որ այդ 100 մարդը փոխհատուցում ստանա», -ասել է Կաբատեկը: Նրա խոսքով` հիմնադրամի ստեղծումից հետո մի քանի հարյուր մարդ ստացել են մոտ 6,5 մլն դոլարի փոխհատուցում:

No comments: