Monday, July 18, 2011

Հանուն ԱԽՔ, եւ “իդիոտ”, եւ “դհոլ”

Մի քանի ժամ անց Հանրային խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ կոալիցիոն կուսակցությունների աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպման առաջարկն արել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ Կոնգրեսը հայտարարել էր, թե չնայած ուզում է բանակցել գործադիր իշխանության հետ, այդուհանդերձ ընդունում է աշխատանքային խմբի հետ հանդիպելու առաջարկը, այն դիտելով որպես հիմնական երկխոսության զուգահեռ գործընթաց:
Ինչ են քննարկելու կոալիցիայի եւ Կոնգրեսի պատվիրակությունները: Ինչ բովանդակություն կարող է ունենալ նրանց հանդիպումը: Երկրում իհարկե քննարկելու շատ հարցեր կան, բայց խնդիրն այն է, որ այն քննարկումը, որ տեղի կունենա Հանրային խորհրդի դահլիճում կամ սրահում, բացի շոուից, որեւէ այլ բան չի ավելացնելու կամ փոխելու երկրի եւ քաղաքացու կյանքում: Ինչքան որ այդ կյանքում ինչ որ բան ավելացրեց կամ փոխեց Հանրային խորհուրդ կոչված խառնածինը, այդքան էլ կարող է ինչ որ բան ավելացնել կամ փոխել այդ խորհրդի շվաքում տեղի ունեցող կոալիցիա-Կոնգրես հանդիպումը:
Բայց իհարկե այդպես էլ չէ, որ այդ հանդիպումը ընդհանրապես որեւէ բան չի փոխում: Իհարկե փոխում է: Օրինակ, Կոնգրեսը գնում է բանակցելու կոալիցիայի ներկայացուցիչների հետ, որոնց կազմում են նաեւ Արթուր Բաղդասարյանի, այսինքն կոնգրեսի որակած ԱԽՔ-ի պատվիրակները: Հետեւաբար, Կոնգրեսը ուզի, թե չուզի, լեգիտիմացնում է նրանց գործողությունները սկսած 2008 թվականի փետրվարի 29-ից: Հանդիպումը տեղի է ունենալու Հանրային խորհրդի սրահում, որը գլխավորում է Վազգեն Մանուկյանը, ում Սերժ Սարգսյանը ժամանակին անվանեց “իդիոտ”, եւ ինչը մինչեւ հիմա հաճույքով հիշում եւ կիրառում է նաեւ Կոնգրեսը: Բայց փաստորեն ստացվում է, որ Կոնգրեսն այդ “իդիոտի” գրասենյակում հանդիպում է կոալիցիայի հետ: Հետեւաբար, Կոնգրեսը ուզի, թե չուզի, լեգիտիմացնում է “իդիոտի” գործողությունները 2008 թվականի նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածից սկսած:
Մնում է, որ այդ գործընթացին իշխանությունն ինչ որ կերպ ներգրավի նաեւ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ “դհոլին”` Արտաշես Գեղամյանին, Կոնգրեսի ձեռամբ լեգիտիմացնելով նաեւ նրա գործողություններն ու ամփոփելով Բաղդասարյան-Մանուկյան-Գեղամյան եռյակի ռեաբիլիտացման գործը:

No comments: