Monday, July 18, 2011

Անկարան բողոքել է Քլինթոնին. Արձանագրությունների ձախողման պատճառն ընդդիմությունն է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Քլինթոնը թուրքական ընդդիմությանը մեղադրել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը խոչընդոտելու մեջ, ինչին ի պատասխան ԺՀԿ-ի առաջնորդն իր զարմանքն է արտահայտել:
«Իմ հանդիպումների ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրի, թե ինչո՞ւ խորհրդարանի օրակարգ չեն մտցվում Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները: Ինձ պատասխանեցին, թե ԺՀԿ-ն դեմ է հանդես գալիս այդ Արձանագրություններին, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»,- ասել է Հիլարի Քլինթոնը:
Քեմալ Քըլըչդարօղլուն, նշելով, թե ինքն ուղղակի ապշած է Քլինթոնի խոսքերի առնչությամբ, ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում և ցանկության դեպքում կարող է վավերացման ներկայացնել հայ-թուրքական Արձանագրությունները:
«Ցանկության դեպքում նրանք կարող են օրակարգ բերել և վավերացնել այդ Արձանագրությունները: Սակայն կառավարությունը թեմայի առնչությամբ մեզ որևէ տեղեկություն չի տրամադրում: Նույնիսկ Արձանագրությունների բովանդակության մասին իմացել էինք մամուլից: Իշխանությունները ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող շատ հարցերում նախընտրում են տեղեկություն չտրամադրել մեզ»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Հիլարի Քլինթոնը Թուրքիայում հանդիպում է ունեցել նաև «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչների հետ: Իսկ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունը մերժել է հանդիպել պետքարտուղարի հետ:

No comments: