Wednesday, July 27, 2011

Հրանտ Բագրատյանը ունիկալ է համարում ներկայիս կառավարությունը

Tert.am. 27-7-2011- «Ընդհանրապես տնտեսական վիճակ չկա»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը լրագրողների այն հարցին, թե ի՞նչ վիճակ է այսօր տիրում Հայատսանի տնտեսությունում։ Ըստ Բագրատյանի՝ երկրի բյուջեն տարեցտարի կրճատվում է։
«Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունիկալ կառավարություն է՝ խաղաղության պայմաններում տնտեսությունը կրճատել են»,– հայտարարեց Բագրատյանը՝ ավելացնելով, թե Հայաստանի բյուջեն 3 մլրդ դոլարից իջել է 2 մլրդ դոլարի։
Ինչ վերաբերում է 2011թ. բյուջեին, նախկին վարչապետը հայտարարեց. «Այս տարվա բյուջեն կկատարվի հանգիստ, որովհետև բյուջե չեն ընդունել։ Բյուջե են ընդունել ու մեզ ու ձեզ մատուցել են, բայց որն ավելի ցածր է, քան 2009–2010–ի համար ընդունված բյուջեն։ Այ էդքան խելոք են իրանք, պարզապես մտածել են՝ գյուղից մարդ չկա, ով է հասկանալու»։
Բագրատյանը նշեց, որ ինքը պատասխանատու է իր ասած ցանկացած ստորակետի համար։ Նրա խոսքով՝ այնպես է ստացվել, որ իրենք ամեն ինչին արձագանքում են, «դրա համար էլ նստած ենք իրանց կոկորդին փշի պես»։
Նախկին վարչապետը հիշեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով. «Էդքան ասում էինք՝ Քոչարյանը վատ ա, վատ ա, վատ ա... երկնիշ աճ չկար, բայց մի վեց–յոթ տոկոս աճ ես միշտ ընդունում էի, որ կա»։
Հարցին՝ «Արդյո՞ք իշխանություն–Կոնգրես երկխոսությամբ էր պայմանավորված, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ է վերցրել Բագրատյանի դեմ ներկայացրած մի քանի տարվա պատմություն ունեցող դատական հայցը», Բագրատյանը պատասխանեց. «ՀԱԿ–ը հայտարարություն արեց, ինքն էլ վախեցավ, հետ վերցրեց»։ Ըստ Բագրատյանի՝ գոյություն չունի որևէ հոդված, որով իրեն կարող էին դատել այդ հայցի շրջանակում։ «Ինքն ու Արմենչիկը (վարչապետն ու տարածքային կառավարման նախարարը–խմբ.) նստած՝ դատավորներին զանգում էին»,– ասաց նա։

No comments: