Wednesday, July 27, 2011

Չհարձակման նոր պակտ

«Լրագիր» 27-7-2011- Հետաքրքիր է, որ ընտրություններին քաղաքակիրթ մրցակցության հարցը բարձրացնում է իշխող կոալիցիան: Փաստացի, հավասար մրցակցությունը պետք եկավ իշխանությանը: Դա նշանակում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանը, սթափ գնահատելով իրավիճակը, հասկացել է, որ “ազատ ու արդար” ընտրությունների դեպքում կարող է հայտնվել իր համար ոչ ձեռնտու մեկնարկային դիրքում:
Փաստորեն, հանրապետականները ոչ միայն չեն կարող օգտագործել նախկին վարչական ռեսուրսը, այլեւ չեն կարող հենվել հավասար մեկնարկային պայմաններին: Դա նախեւառաջ պայմանավորված է Կոնգրեսի դիրքերի ուժեղացմամբ, այն բանից հետո, երբ արտահերթ ընտրության պահանջը մտավ երկխոսության օրակարգ: Շատերը նրանցից, ովքեր նախկինում հիասթափություն էր հայտնում Կոնգրեսի քաղաքականության անորոշությունից, սեփական աչքերով են տեսել, որ իշխանության հետ գործարք, որպես այդպիսին, չկա:
Բացի այդ, իշխող կոալիցիան նախկինի պես միասնական թիմ չէ: Չնայած նրան, որ կոալիցիայի պատվիրակության կազմի մեջ են կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչները, նրանցից յուրաքանչյուրը լուծում է սեփական խնդիրները: Եւ Հանրապետական կուսակցությունը չի կարող հույս ունենալ Բարգավաճ Հայաստանի աջակցության: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն թուլացել է կրկնակի, 2007-ի համեմատ:

Կոնգրեսը ուժ է հավաքել, ՀՀԿ-ն հակառակը` թուլացել, եւ ներկայում հանրապետականներին անհրաժեշտ են հավասար մեկնարկային պայմանների երաշխիքներ:

Երկխոսության հակառակորդները իներցիայով ասում են, որ երկխոսությունը ապագա խորհրդարանում տեղերի բաժանում է, սակայն Կոնգրեսի հայտարարությունից հետո, ըստ որի առաջնայինը նախագահի արտահերթ ընտրությունն է, այդ պնդումները դադարում են ակտուալ լինելուց:

Երկխոսության արդյունքում իսկապես կարելի է պայմանավորվել խորհրդարանում տեղերի բաժանման մասին, սակայն եթե խոսքը նախագահի ընտրության մասին է, գործարքը կարող է լինել միայն մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում եւ աջակցում է Սերժ Սարգսյանին: Դժվար թե Կոնգրեսում չհասկանան նման գործարքի անհեռանկարայնությունը, եւ այն, որ դա երբեք հասարակական աջակցություն չի ունենա:

Այն, որ իշխող կոալիցիան փորձում է առաջ մղել ինչ որ փաստաթուղթ ազնիվ մրցակցության մասին, որի տակ ստորագրեին բոլոր կուսակցությունները, նշանակում է, որ խորհրդարանի ընտրության վերաբերյալ գործարք չկա: Ավելի շուտ, իշխանությունը նախագահի ընտրության վերաբերյալ գործարք կնքելու հույսը չի կորցնում:

Այս համատեքստում չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կփորձի երկխոսության մասնակիցներին համոզել ստորագրել եւս մեկ “չհարձակման պակտ”: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 18-ին նման պակտ բառացիորեն ստիպեցին ստորագրել Գագիկ Ծառուկյանին, եւ Սերժ սարգսյանը շահեց այդքան անհրաժեշտ ժամանակը: Հատկանշական է, որ Կոնգրեսի ակտիվացումը եւ կտրուկ պահանջների առաջադրումը սկսեց դրանից անմիջապես հետո` մարտի 1-ի հանրահավաքին: Չլիներ չհարձակման այդ պակտը, Սերժ Սարգսյանի համար բարդ կլիներ: Սակայն այս պայմանագրի ժամկետը սպառվում է, եւ պետք է նոր պակտ ստորագրել:

Ճիշտ է, քաղաքականության մեջ պատահում է, որ պայմանավորվածությունները չկատարվեն, եւ հարցը միայն քաղաքական գործիչների ուխտադրժությունը չէ, այլ` նոր հանգամանքների ի հայտ գալը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: