Wednesday, July 13, 2011

Հայաստանը պատրաստ է Թուրքիա արտահանել էլէներգիա, եթե…

Tert.am. 13-7-2011- Հայաստանը պատրաստ է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը ունի էլեկտրաէներգիա արտահանելու ներուժ, և եթե գտնվի թուրքական ընկերություն, որը կկարողանա հաղթահարել քաղաքական բարդույթները, ապա հնարավոր կլինի այդ երկիր էլեկտրաէներգիա արտահանել։
Մովսիսյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 16%-ով՝ կազմելով 3,72 մլրդ Կվտ/ժամ։ Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառումը աճել է 7,45%-ով, իսկ արտահանումը՝ 63%-ով և կազմել 783 մլն Կվտ/ժամ։
Նշենք, որ հայկական էլեկտրաէներգիան ամբողջովին արտահանվում է Իրան՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով. 1 խմ իրանական գազի դիմաց առաքվում է 3 Կվտ/ժամ հայկական էլեկտրաէներգիա։
Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանավորվածությունը 2009թ. ձեռք էր բերվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և բելգիական «Յունիթ» ընկերության (որը Թուրքիայում զբաղվում է էլեկտարաէներգիայի վաճառքով) միջև, բայց այն այդպես էլ մնաց թղթի վրա։

No comments: