Tuesday, July 12, 2011

Դ. Բաբայան. Ադրբեջանը «գովազդում է» Արցախը

Panorama.am. 12-7-2011- «Դա կարծում եմ Ադրբեջանի ներքին խնդիրն է, որովհետև Ադրբեջանն այդ ձևով չի կարող խոչընդոտել արևմտյան ԶԼՄ-ի ներկայացուցիչների՝ Արցախ կատարելիք այցերը: Նման քաղաքականությամբ Ադրբեջանն ինքն իր վարկանիշին է նվազեցնում: Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այդ երկրի ղեկավարները հոգեկան խանգարման մեջ են գտնվում»,- անդրադառնալով Արցախ այցելող լրագրողներին Ադրբեջանի «սև ցուցակ»-ում ընդգրկվելու փաստերին՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանն իր համար անցանկալի անձանց «սև ցուցակում» է ընդգրկում այն անձանց, ովքեր առանց Ադրբեջանին տեղյակ պահելու ու այդ երկրի համաձայնությունը ստանալու այցելում են Արցախ: Այդ ցուցակը համալրված է մեծ թվով մտավորականներով, քաղաքական գործիչներով, լրագրողներով ու խորհրդարանականներով:
Նրա խոսքերով, անցել են այն ժամանակները, երբ տարեկան կտրվածքով Արցախ էին այցելում 15-20 լրագրողներ, այսօր արտասահմանցի լրագրողների այցելությունները զանգվածային են դարձել:
«Ինտեռնետի զարգացման ժամանակաշրջանում արգելք հանդիսանալ լրագրողների այս կամ այն տեղեկատվությանը տիրապետելուն՝ ուղղակի անհնար է դարձել: Ադրբեջանն այս հարցում ոչինչ անել չի կարող: Եթե նա ուզում է ապարդյուն գումարներ ծախսել, ռեսուրսներ վատնել, ապա դա իր խնդիրն է, քանի որ դրանով նա միայն իր վարկանիշն է գցում, միաժամանակ գովազդելով Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանի քայլերը մարդկանց մոտ հետաքրքրություն են առաջացնում և մարդիկ գալիս են տեսնելու Արցախը, տեսնելու, թե ինչու է այս Հանրապետության շուրջ այսքան աղմուկ բարձրացվում:

No comments: