Wednesday, July 13, 2011

Ֆանի Արդանն ու funny բարդակը

«Լրագիր» 13-7-2011- Դերասանուհի Ֆանի Արդանը Հայաստանը երկար կհիշի: Իսկ նրա հիշողությունը կթարմացնեն ոչ թե Հայաստանի չքնաղ բնապատկերները կամ երեւանյան հոգեթով ճարտարապետության հնչյունները, այլ գենետիկ տեռորը, որին այստեղ ենթարկվեց ֆրանսիացի դերասանուհին:
Նա եկավ, մասնակցեց Ոսկե Ծիրան կինոփառատոնի բացմանն ու հեռացավ Հայաստանից, բայց այդ երկու թե երեք օրերի ընթացքում այդուհանդերձ այստեղ կարողացան նրանից խոստովանություն կորզել իր հայկական ծագման վերաբերյալ: Այդ ընթացքում Արդանը խուսափում էր խոսել իր ծագման մասին, հորդորում էր իրեն չուղղել այդ մասին հարցեր:
Բայց, Արդանին տարել էին Փարաջանովի տուն թանգարան, ու այնտեղ, ինչպես մամուլին հայտնի էր դարձրել նրան ուղեկցած կինոռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, նա չէր դիմացել գենետիկ հիշողության ճնշմանն ու բացահայտել էր իր հայկական ծագումը:
Այլ կերպ ասած, Արդանին բացահայտել էին ու “մեղքը” գցել Փարաջանովի վրա. դե մենք ինչ անենք, ասեց հարց չտաք, մենք էլ չտվեցինք: Արդանը չգիտեր, որ մարդու մեջ հային բացահայտելու հարցում հայերի համար հարց չկա: Կուզեն հարցնելով կբացահայտեն, կուզեն թանգարան տանելով:

Թե չէ չեմուչում են անում, ու չեն ուզում, որ հայությունը մի քիչ ուրախանա նոր հայ հայտնաբերելու, եւս մի անվանի հայրենակից գտնելու առիթով: Ոչինչ, որ Արդանի հայկական ծագումն ընդամենը տատիկի անօրինական ամուսինն է եղել: Դրանից մեր ուրախությունը չի պակասի, քանի որ կուրախանանք նաեւ տատիկի համար: Իսկ եթե Արդանին մի երկու անգամ էլ կարողանան բերել Փարաջանովի տուն թանգարան, ապա նա գենետիկ հիշողության ճնշման տակ կխոստովանի, որ Արդահանում է ծնվել, Արդանիշում մեծացել:
Հարցն այստեղ այն է, թե հայությունը կդիմանա արդյոք այդ ուրախությանը: Չէ որ դեռ այնքան անվանի մարդիկ կան, որոնց պետք է բերել ու բացահայտել, արմատներով կապելով այս funny /ուրախ/ բարդակին, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, բայց ընկնողն անխուսափելիորեն ճանաչում է իր հայությունը: Այ թե հաջողվեր Էրդողանին կամ Ալիեւին մի կերպ բերել Հայաստան: Թե ասա Գյուլին ստադիոն տանելու տեղը Փարաջանովի թանգարան տանեիք, էլի:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: