Wednesday, July 13, 2011

Հ. Ռաֆսանջանի. «Հարցադրումների և քննադատությունների սահմանափակումն օգուտ չէ երկրին»

Panorama.am. 13-7-2011- Իրանի իսլամական վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին այսօր հայտարարել է այն մասին, որ ծայրահեղական գործունեություն ծավալած ուժերի մեկուսացմանն ուղղված քայլերը կարող են վերածվել հասարակության ներսում դրական փոփոխություններ իրականացնելու սկզբնակետի:
Այս մասին հաղորդում է «Hamshahri» իրանական գործակալությունը:
Հ. Ռաֆսանջանին համոզմունք է արտահայտել առ այն, որ երկրում ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտն անպայմանորեն խթանելու է բոլոր խնդիրների լուծմանը, իսկ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն Իրանի համար սրտացավ, իսլամական վարչակարգին ու սահմանադրությանը նվիրված բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, կարող են վերացնել երկրի քաղաքական կյանքում ստեղծված բարդությունները:
Հ. Ռաֆսանջանին նշել է նաև այն մասին, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ է թույլատրել հասարակության ներկայացուցիչներին, այդ թվում՝ երիտասարդությանը և ուսանողությանը, ազատ կերպով արտահայտել իրենց հուզող հարցադրումները՝ ստանալով դրանց խելամիտ պատասխանները: Ըստ Հ. Ռաֆսանջանիի՝ անչափ կարևոր է, որ բոլոր հարցերի պատասխանը տրվի հենց իրենց կողմից, որովհետև հակառակ դեպքում հնարավոր է այդ բացը լրացնեն իսլամական կառավարման ուղենիշից շեղված քաղաքական ուժերը:
Հիշեցնենք, որ Հ. Ռաֆսանջանին 1989-1997թթ. զբաղեցրել է ԻԻՀ նախագահի պաշտոնը:

No comments: