Saturday, July 16, 2011

Օջալանն այլևս PKK–ի առաջնորդը չէ՞

Tert.am. 15-7-2011- Այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այլևս չի վերահսկում քուրդ զինյալներին։ Այս մասին է գրում թուրքական մամուլը՝ մեկնաբանելով PKK–ի և թուրք զինվորների միջև տեղի ունեցած վերջին բախումը։
«Իր փաստաբանների հետ վերջին հանդիպման ժամանակ Օջալանն ասել էր, թե պետության հետ համաձայնություն է ձեռք բերվել։ Բացի այդ PKK–ի առաջնորդը կոչ էր արել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորներին դադարեցնել բոյկոտն ու մտնել խորհրդարան։ Սակայն Օջալանի կոչերն անկատար մնացին. ոչ քուրդ պատգամավորները մտան խորհրդարան, ոչ էլ PKK–ն դադարեցրեց հարձակումները»,– գրում է «Վաթանը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտվածԱբդուլլահ Օջալանն իր փաստաբանների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թուրքական կողմի հետ բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Խաղաղության խորհուրդ ստեղծելու առնչությամբ։
«Խաղաղության խորհուրդը լինելու է ոչ պետական, ոչ էլ բացառապես հասարակական կազմակերպություն։ Խաղաղության խորհուրդն աշխատելու է խնդրի կարգավորման ուղղությամբ»,– ասել էր Օջալանը՝ նշելով, որ խորհուրդն ստեղծվելու է մեկ ամսվա ընթացքում։

No comments: