Monday, July 18, 2011

Քանի՞ PKK-ական է գործում Թուրքիայում. հետաքրքիր վիճակագրական տվյալներ

HayNews.am. 18-7-2011- Առաջին անգամ Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) ենթարկվել է ակադեմիական հետազոտության: Զեկույցը, որում ընդհանուր վերլուծության է ենթարկվում քրդական կազմակերպությունը, պատվիրել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Ըսդ այդ ուսումնասիրության, PKK-ական դարձած անձնավորությունն այդ կարգավիճակում միջինը 7,2 տարի է ապրում: PKK-ականների մահվան միջին տարիքը 26,3-ն է:
Ապագա PKK-ականները սար են բարձրանում միջինը 15 տարեկանում: Նրանց 61 տոկոսը ներկայացնում են Թուրքիան, 39-ը տոկոսը` Թուրքիա են գալիս այլ երկրներից, մեծամասամբ Իրանից, Սիրիայից, Իրաքից, ինչպես նաև եվրոպական երկրներից:
Հետաքրքական է, որ PKK-ականների 20 տոկոսը ներկայացնում են Թուրքիայի խոշորագույն և ամենազարգացած քաղաքը` Ստամբուլը, որին հաջորդում են Դիարբեքիրը և Մարդինը:Քրդական կազմակերպության ռազմական թևի 25 տոկոսը կանայք են:
Սույն ուսումնասիրությունը տևել է 2 տարի. ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 461 քուրդ ապստամբների տվյալները: Ուսումնասիրության վերջում տրված է նաև սարերում գործող PKK-ականների թիվը, որը կազմում է շուրջ 5 հազար մարդ:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:


No comments: