Thursday, July 14, 2011

PKK-ն լքում է Թուրքիայի Սեւծովյան շրջանը

News.am. 14-7-2011 - Թուրքիայի զինվորական հետախուզության մասնագետներին հաջողվել է վերծանել PKK-ի ղեկավարության եւ Թուրքիայի տարբեր հատվածներում գտնվող քուրդ զինյալների միջեւ փոխանակվող գաղտնի շիֆրերը։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրք զինվորական մասնագետների վերծանած հաղորդագրությունների, հայտնի է դարձել, որ PKK-ի ղեկավարությունը Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանից հրաման է տվել՝ սեւծովյան շրջանում գտնվող քուրդ զինյալներին հետ քաշվել դեպի Բինգյոլ եւ Թունջելի (Դերսիմ)։ Հաղորդագրություններից մեկի մեջ նշվել է, որ PKK-ի 6 հոգանոց խումբը բարեհաջող հասել է Թունջելի։ Նշվում է նաեւ, որ հրամայվել է նաեւ հետ քաշվելու ընթացքում իրականացնել ոչ ռիսկային գործողություններ՝ պայթեցնելով իրենց մոտ գտնվող պայթուցիկ նյութերը։ Իսկ քուրդ զինյալների մեկ այլ փոքր խմբի հրամայել են դեռ մնալ Ամասիայի եւ Թոքաթի շրջանում, սակայն խուսափել թուրքական զինված ուժերի հետ բախումներից։
Թուրք ռազմական մասնագետները նշում են, թե PKK-ն Սեւծովյան շրջանը լքելու համար 2 պատճառ ունի. Սեւծովյան շրջանում PKK-ի իրականացրած արյունոտ գործողությունները խիստ վերաբերմունքի են արժանացել հասարակության կողմից, որը դժվարացրել է նրանց տեղաշարժն ու լոգիստիկան։ Իսկ մյուս տեսակետն այն է, որ PKK-ի առաջնորդի Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններ են ընթանում եւ նա այդ հրամանը տվել է որպես բարի կամքի ցուցադրություն։

No comments: