Thursday, July 14, 2011

Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի հետքերով

կամ Դեպքերն այսքան համընկնել չեն կարող

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.07.2011: Սույն թվի հուլիսի 7-ին Երեւանի «Ազգ» օրաթերթը, ապա հայաստանյան մամուլի այլ ներկայացուցիչներ տեղեկացրին, որ «հունիսի 12-ին երկու հայ անձնավորություններ Լոնդոնում մոտեցել են Տ. Ներսես ավագ քհն. Ներսեսյանին՝ նրա կարծիքը իմանալու հինգ հայկական մանրանկարների եւ երկու յուղանկարների նյութական արժեքի վերաբերյալ: Տեր Ներսեսը ճանաչելով սրբապատկերների պատկանելությունը, որպես մասունքներ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի, այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Արամ Ա. կաթողիկոսին եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին»:
Այդ լուրը ստանալու պես, «Արաքս» շաբաթաթերթը կապ հաստատեց ՍՀԹ առաջնորդարանի հետ, որն եւ հաստատեց լուրի ճշմարտությունը: Սակայն հարցի մասին մանրամասներ չհաջողվեց պարզել, քանի որ Առաջնորդարանի գրասենյակի վարիչը ավելին չգիտեր, իսկ ավելի ուշ մեզ փաստվեց, որ Թեմական խորհուրդն այդ մասին առաջին անգամ իմացել էր Տ. Ներսես ավագ քհն. Ներսեսյանի միջոցով: Այսինքն, փաստորեն, Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը թալանի էր ենթարկվել, իսկ նրա պատասխանատուները լուր իսկ չունեին, ասել է թե՝ իրանահայ թանգարանային արժեքները վստահելի անձանց ձէռքերում չեն:
Թեեւ Թեմական խորհուրդը նախընդրում էր լուռ մնալ, սակայն, լուրի տարածվելուց հետո, պարտավորվեց ոչինչ չասող մի հաղորդագրությամբ հրապարակ գալ եւ ժողովրդին հորդորել, որ «անհիմն մեկնաբանութիւններից խուսափեն եւ վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները ... նախանձախնդիր են եւ այս հարցը հետապնդելու են մինչեւ բարւոք լուծում»:
Թե ինչո՞ւ պիտի ժողովուրդը դիմեր «անհիմն մեկնաբանութիւնների» շատ պարզ էր, իսկ թե ի՞նչ է նշանակում «բարւոք լուծում» մեզ հայտնի չէ: Ժողովուրդը այն ժամանակ է դիմում լրիվ տարբեր մեկնաբանությունների երբ անտեղյակ է հարցից, այս դեպքում հենց Թեմական խորհուրդի մեղքով: Իսկ հարցերին «բարւոք լուծում» են տալիս երբ հանցավորը յուրային է եւ չեն ցանկանում հարցի մեջ ներքաշել նաեւ ոստիկանության:
Մեր լրատվության ընթացքում անընդհատ հիշեցրինք ՍՀԹ «ազգային մարմիններին», որ այս հարցի լուծման հիմնական բանալին ոստիկանության մոտ է, իսկ իրենք հենվելով իրենց միջոցների վրա հայտարարեցին՝ «Առ այդ` հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք` յանցագործին ի յայտ բերելու` գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայ փուլում ստուգւում են հանգամանքները` ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»:
Զարմանալի է այս մոտեցումը: ինչո՞ւմ էր խնդիրը: Ինչո՞ւ չէին դիմում ոստիկանության...

Թեմականի հայտարարությունից ստացվում է այն տպավորությունը, որ մինչև հունիսի 13-ը, ընդհանրապես, լուր էլ չեն ունեցել թալանի մասին եւ միայն այդ թվականից հետո է, որ զբաղվում են այդ հարցով՝ ստուգում են հիշատակված ձեռագիր գիրքը եւ տեսնում, որ էջերից մի քանիսը պակաս է իսկ յուղանկարների մասին դեռ չեն կարողացել հստակություն մտցնել, որովհետեւ չգիտեն էլ մասին:
Սպահանի հայությունն արդեն խոսում է հատուկ անունների մասին: Ժողովուրդը հարց է տալիս՝ «Ինչպե՞ս կարող էին առաջնորդարանում աշխատող որոշ անձինք, որոնք աչքառու աշխատավարձ չեն ստանում, ընդամենը 3-4 տարվա ընթացքում նախանձելի վիճակ ստեղծել իրենց համար»:
Մյուս կողմից ասվում է, Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը, քանի տարի առաջ, թալանող եղբայրներից մեկը այժմ հաստատված է Անգլիայի մայրաքաղաք՝ Լոնդոնում: Նաեւ հիշատակելի է, որ չորս տարի առաջ էլ որոշ գողացված իրեր Անգլիայից են հետ բերել: Գուցե Լոնդոնում հաստատված նախկին թալանիչը, այստեղ դեր իսկ չունենա, կամ միայն միջնորդի դերում հանդես եկած լինի, բայց խնդիրն այն է, որ սովորաբար դեպքերն այսքան չեն կարող համընկնել:
Հիշեցնենք՝ ՍՀԹ առաջնորդարանը ցայժմմ չի հայտարարել, որ սրբապատկերները երբ են թալանվել, նաեւ, որ Լոնդոնում տեր Ներսեսին դիմողները երկու հոգի էին:
Եվ ի վերջո, ներքոհիշյալ մեր հարցերը դեռ անհասկանալիորեն մնում են անպատասխան.
- ՍՀԹ Թեմական խորհուրդը պետք է հանրության առջեւ պարզի, որ քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, եթե իհարկե դա հայտնի է իրենց:
- Ինչո՞ւ ՍՀԹ Թեմական խորհուրդը չի հստակեցնում, թե երբ է իրականացվել թալանը:
- Ինչո՞ւ ոստիկանությունն ու Ինտերպոլը չեն տեղեկացվել հարցի վերաբերյալ:
- Եվ վերջապես՝ ինչո՞ւ լուրի մասին երկար ժամանակ լուռ են մնացել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու ՍՀԹ Թեմական խորհուրդը:

Այնուամենայնիվ, պիտի հիշեցնենք, որ ժողովուրդը ազգային ժառանգության նկատմամբ չի կարող անտարբեր մնալ, իսկ մամուլի լռությունը այս հարցում, ինչ-ինչ հաշիվներից ելած համզոր է դավաճանության, նա պարտավոր է անընդհատ վերհիշեցնել այդ մասին, մինչեւ որ հարցը կգտնի իրավական եւ արդար իր լուծումը:

No comments: