Thursday, August 4, 2011

Ալլահշուքյուր Փաշազադեի փեսային բանտից ազատ են արձակել 18 մլն եվրոյի դիմաց. Գումարը հավաքվել է Ադրբեջանից

Panorama.am. 4-8-2011-Հունիսի 19-ին Իսպանիայում ձերբակալված թուրք գործարար, ժամանակին Ադրբեջանում մեծ բիզնես ունեցող Ալի Էվսենը, ով Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի փեսան է, 18 մլն եվրո գրավի դիմաց պայմանական ազատ է արձակվել:
Նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
Evsen Group ընկերության նախկին սեփականատեր Ա.Էվսենը մեղադրվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի` կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փողերը Եվրոպայում լվանալու մեջ: Իսպանիայի ոստիկանությունը նրան ձերբակալել է Հ.Մուբարաքի մոտ բարեկամ, հետախուզության թոշակառու գեներալ, բիզնեսմեն Հուսեին Սալեմի եւ նրա որդու` Խալիդ Սալեմի հետ միասին: Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ ազատ արձակվելու համար 18 մլն եվրոյի չափով գումարի պահանջը պայմանավորված է նրանով, որ Ա.Էվսենը երկու արտասահմանյան անձնագիր ունի, Եվրոպայում մեծ կապեր եւ բիզնես ունի եւ հնարավոր է` փախուստի դիմի:
«Ենի Մուսավաթը» հայտնում է, որ 1990-ականներին Ադրբեջանում մեծ բիզնես հիմնած Ա.Էվսենը դարձել էր երկրի ամենահարուստ գործարարներից մեկը: Սակայն հետագայում պարզվել է, որ Ա.Էվսենը ղեկավարել է Հ.Մուբարաքի կեղտոտ փողերը լվանալու գործը: Նա այդ փողերը իր ընկերությունների միջոցով փոխանցել է Հ.Սալեմին:
Թերթին հայտնի է դարձել, որ Ա.Էվսենի բանկային հաշիվները սառեցվելու պատճառով, նրան բանտից ազատելու համար պահանջվող գումարի չափը հավաքվել է Բաքվում` Ադրբեջանում ունեցած գործընկերների եւ մոտիկների միջոցով: Ադրբեջանի շեյխն իր փեսայի համար սեփական բյուջեից 1 մլն եվրո է հատկացրել: Հ.Մուբարաքի նկատմամբ երեկ սկսված դատական լսումներում հաճախակի կհոլովվի նաեւ Ադրբեջանի շեյխի փեսայի անունը:

No comments: