Thursday, August 4, 2011

Լ. Զուրաբյան. Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ կոալիցիան, իրականում, զբաղված է երկխոսության իմիտացիայով

Panorama.am. 4-8-2011- «ՀԱԿ-ը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերի տրամադրումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ և մյուս ալիքենրով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի արգելքի վերացումը, ինչպես նաև` հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը և տարաբնույթ խոչընդոտների հարուցումը` տրանսպորտի աշխատանքի կազմալուծման դադարեցումը, Սահմանադրության և օրենքից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր իշխանության կողմից:
Պարզվում է, սակայն, որ անգամ ընթացող երկխոսության պայմաններում կոալիցիան շարունակում է դրսևորել արհամարհանք օրենքների նկատմամբ, խոչընդոտում մարդկանց` հանրահավաքների մասնակցությունը»: Ահա այս բովանդակությամբ հայտարարությունով սկսեց իր խոսքը ՀԱԿ համակարգող, իշխանություն-ՀԱԿ երկխոսության կոնգրեսական պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ ավարտվեց այդ ձևաչափում արդեն երրորդ հանդիպումը:
Ընդդիմադիր գործիչը հավաքված լրագրողներին տեղյակ պահեց, որ այդ հայտարարությունով ՀԱԿ-ը հանդես եկավ հանդիպման հենց սկզբում և անգամ կոնկրետ օրինակ է բերել` «օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության կողմից հերթական հարձակումն է արձանագրվել հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա». «Այդ մասին անմիջապես տեղեկացվել է Դավիթ Հարությունյանը»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը:
Բացի այս, այսօրվա հանդիպմանը Կոնգրեսի ներկայացուցիչները կոալիցիան ներկայացնող քաղաքական գործիչներին ներկայացրել են տվյալներ այն մասին, թե ինչպես է հանրահավաքի օրը, ըստ Լ. Զուրաբյանի, տրանսպորտի աշխատանքը կազմալուծվել.
«Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ կոալիցիան, իրականում, զբաղված է երկխոսության իմիտացիայով և ընդունակ չէ հանուն քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել ընդդիմության անգամ այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահմանադրության և օրենքների պահանջներից: Հարց է ծագում. եթե բանակցությունների սեղանին նստած կոալիցիան ի վիճակի չէ ապահովել օրենքի տարրական պահանջների կատարումը և երկխոսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կամ ընդդիմությանն ընդառաջ գնալու նպատակով, ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նման իշխանության հետ հնարավոր է համաձայնության գալ երկրում բախտորոշ համակարգային փոփոխություններ կատարելու շուրջ, որոնք իշխանություններից շատ ավելի մեծ համարձակություն և ճկունություն են պահանջելու»,- ընթերցեց ավելի վաղ իշխանական պատվիրակությանը ներկայացրած հայտարարության հերթական հատվածը Լ. Զուրաբյանը:
Շարունակեց` կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահությանը, այդ իսկ պատճառով ՀԱԿ-ի պատվիրակությունը կոալիցիայի պատվիրակությունից պահանջում է անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում կպատժվեն վերոնշյալ միջադեպերի մեղավորները:
Ընթերցելուց հետո ՀԱԿ համակարգողը տեղեկացրեց, որ երկխոսության սեղանի շուրջ ներկա իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել առկա փաստերը և դրանից հետո ներկայացնել ՀԱԿ-ին թե' արդյունքները, թե' այն, ինչ քայլեր են ձեռնարկել այդ հարցերի շուրջ.
«Մենք սպասելու ենք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ գործընթացը լուրջ ընկալվի թե' իշխանությունների, թե' հանրության կողմից: Մենք հետամուտ ենք լինելու հարցին, քանի որ չենք հասկանում, թե ի՞նչ է նշանակում երկխոսություն վարել և շարունակել ապօրինությունների շարքը, որ 3.5 տարի կատարվել է ՀԱԿ-ի դեմ»,- նշեց նա:
Տրամաբանական հարց է առաջ գալիս. եթե մինչև հաջորդ հանրահավաքը նման խնդիրները կրկնվելու միտում արձանագրեն, արդյոք չեն դադարեցվի՞ երկխոսության համատեքստում իշխանության հետ քննարկումները: Սրան ի պատասխան Լ. Զուրաբյանը նշեց միայն, որ եթե իրենք տեսնեն, որ իշխանությունները լուրջ չեն, հենց այդպես էլ կվարվեն: Բայց այս պահին սպասելու են, թե իշխանություններն ինչպե՞ս կարձագանքեն ՀԱԿ-ի առաջ քաշած հայտարարությանը:

No comments: