Saturday, August 20, 2011

Հայաստանում 2011թ. առաջին կեսին գրանցվել է 8465 հանցագործություն

News.am. 19-8-2011- 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել են 8465 հանցագործությունների դեպքեր, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 573-ով կամ 7,3 տոկոսով: Այդ մասին օգոստոսի 19-ին դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, հանցագործությունների դեպքերի ընդհանուր աճին հակառակ, 114 դեպքով կամ 6,8 տոկոսով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (1681-1567)` կազմելով ընդհանուր դեպքերի 18,5 տոկոսը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21,3 տոկոսի դիմաց:

Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու (645-629), այդ թվում` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը (98-92), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (54-42), այդ թվում` բռնաբարության եւ բռնաբարության փորձի դեպքերը (16-5): Աճ է արձանագրվել սպանության (21-28), սպանության փորձի (9-20) դեպքերով:

Գլխավոր դատախազի տեղակալը նկատել է, որ կիսամյակի ընթացքում արձանագրված ծեծի 631 դեպքերը կազմում են նույն ժամանակահատվածում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների 40.2 տոկոսը, առողջությանը թեթեւ վնաս հասցնելու 379 դեպքերը՝ 24 տոկոսը։ Այսինքն` այս երկու հանցատեսակների դեպքերը միասին կազմել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների 64.2 տոկոսը։

Սարգսյանի խոսքով, մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները կայուն են։Կիսամյակի ընթացքում նշված բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 95.2 տոկոս:

Արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագռրծությռւնների զգալի աճ 433 դեպքով կամ 14,7 տոկոսով: /3371-2938/: Բացահայտվել է դեպքերի 74,5 տոկոսը, բացահայտումը նվազել է 2 տոկոսով: Այդ բնույթի դեպքերով արձանագրվել 1 պետական կամ հանրային գույքի հափշտակությունների նվազում 52-ով կամ 18,4 տոկոսով`/282-230/ բացահայտումը վատթարացել է 6,6 տոկոսով /83 տոկոս-89,6 տոկոս/:

Արձանագրվել է ավազակային հարձակման դեպքերի աճ 23,7 տոկոսով կամ 14 դեպքով` գրանցվել Է 73 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 59-ի դիմաց: Գրանցված ավազակության դեպքերից 23–ը բացահայտվել է, բացահայտումը կազմել է 65,4 տոկոս (80,4 տոկոս)։ Կողոպուտի դեպքերը աճել են 4-ով (101-105): Արձանագրված 105 դեպքից 49-ը բացահայտվել է, բացահայտումը կազմել է 54,8 տոկոս։ 124-ով կամ 28 տոկոսով աճել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (566-442): Զգալիորեն աճել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերի թիվը՝ 138 դեպք` նախորդ տարվա 49-ի դիմաց, բացահայտումը գրեթե զրոյական է` 1,1 տոկոս` նախորդ տարվա 15,4 տոկոսի դիմաց: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Երեւան քաղաքում` 113 դեպք` նախորդ տարվա 46-ի դիմաց, որից բացահայտվել է 1-ը, 84-ը չի բացահայտվել:

Մաքսանենգության դեպքերը նվազել են 26-ով կամ 58,7 տոկոսով՝ գրանցվել է 37 դեպք` 63-ի դիմաց:

No comments: