Thursday, August 4, 2011

Ադրբեջանցի իրավապաշտպանները դեմ են «Եվրատեսիլը» Բաքվում անցկացնելու գաղափարին

News.am. 4-8-2011- «Ազատության երգերն անազատ երկրում». այսպես է կոչվում ադրբեջանցի իրավապաշտպանների նախաձեռնած քարոզչական արշավը, որի նպատակն է եկող տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչների, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել երկրում առկա իրավիճակի վրա: Արշավի նախաձեռնողներն իրենց կոչը տարածել են սոցիալական ցանցերի միջոցով:
Իրավապաշտպան Անար Մամադլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ առկա է միանգամից չորս խնդիր, որոնց վրա իրենք ցանկանում են կենտրոնացնել եվրոպացիների ուշադրությունը:
«Նախեւառաջ` մենք ցանկանում ենք, որ բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Երկրորդ մեր պահանջն ուղղված է Հանրային հեռուստատեսությանը, որը պետք է ներկայացնի երկրում առկա կարծիքների բազմազանությունը: Մեր երրորդ պահանջը վերաբերում է սեփականության իրավունքի պարբերաբար արձանագրվող խախտումներին: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որ դյուրացվի Ադրբեջանում գործող վիզային ռեժիմը. մեր երկիր ժամանող բազմաթիվ օտարերկրացիներ բախվում են այս խնդրին», - նշել է իրավապաշտպանը:
Մեկ այլ հեղինակավոր ադրբեջանցի իրավապաշտպան` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կարծիքով էլ` ազատ երգերի մրցույթ հռչակված «Եվրատեսիլ»-ի անցկացումը մի պետությունում, որտեղ մինչ օրս քաղբանտարկյալներ կան, պարզապես անհնարին է: «Եվրատեսիլ»-ը զուտ մշակութային իրադարձություն չէ, սա նաեւ սոցիալ-քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն է», - համոզված է Յունուսը:
Ադրբեջանցի իրավապաշտպանները նաեւ նկատում են, որ երկրի հանրային հեռուստատեսությունը, որը Հեռարձակողների եվրոպական միության անդամ է, չի կատարում այդ կազմակերպության առջեւ ստանձնած իր գլխավոր պարտավորություններից մեկը` եթերում բազմակարծության ապահովումը:
Երգի մրցույթին ընդառաջ մեկնարկած այս արշավի կազմակերպիչները նշում են, որ պատրաստվում են հանդիպել «Եվրատեսիլ-2012»-ի կազմկոմիտեի անդամների հետ, դրան զուգահեռ հանրային քննարկումներ են կազմակերպելու, կողմնակիցներին էլ կոչ են անում միավորվել սոցիալական ցանցերի միջոցով: Կոչին, սակայն, Facebook-ի 400 հազար ադրբեջանցի օգտատերերից վերջին մեկ շաբաթում միացել են միայն 120-ը:

No comments: