Thursday, August 4, 2011

Հայաստանը Եհովայի վկային կվճարի 20 հազար եվրո

«Ազատություն Ռադ.» 4-8-2011- «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կայացրած վճռի համաձայն Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճարել 20 հազար եվրոյին համարժեք դրամ:
Այս գումարից 10,000 եվրոյին համարժեք դրամը վճարվելու է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ10,000 եվրոյին համարժեք դրամը` որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Վահան Բայաթյանը Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունից է: Անցյալ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից խուսափելու համար զինծառայող Վահան Բայաթյանին 2.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը խղճի եւ հավատքի ազատությունների նրա իրավունքների խախտում չէ։ Դատարանը որոշել էր, որ «կոնվենցիայի ոչ մի հոդված գիտակցաբար հրաժարվելու իրավունքը չի երաշխավորում»: Վահան Բայաթյանը այդ որոշումը բողոքարկել էր Մեծ պալատում:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 7-ին, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:
Գործադիրն այսօր հավանության արժանացրեց Եվրադատարանի վճռի հիման վրա դիմումատուին փոխհատուցելու որոշումը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հետեւյալ կերպ ներկայացրեց որոշման նախագիծը. - «Խոսքը վերաբերում է 2001 թվականին, երբ մենք անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին եւ դեռեւս չունեինք այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք: Դրանով է պայմանավորված այս վճռի առկայությունը մեր դեմ: Այսինքն` մենք պարտվել ենք, եւ այդ պարտությունը պայմանավորված չի եղել դատական սխալով, այլ պայմանավորված է եղել մեր օրենսդրությամբ: Համապատասխան փոփոխությունները կատարվել են»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակեցրեց. - «Իրավական դաշտը մենք արդեն կարգավորել ենք, եւ օրենքի պատճառով այլեւս նման պրոբլեմներ չեն կարող լինել»:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր 2010 թվականի զեկույցում անդրադառնալով Եհովայի վկաներին, գրել էր, թե նրանք Հայաստանում խտրական վերաբերմունքի են արժանանում։ Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը նախկինի պես գտնվում է զինվորականների վերահսկողության տակ, զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողները ստիպված են զինվորական համազգեստ կրել։
«Նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի զինվորական դատախազության կողմից եւ իրավունք չեն ունեցել հավաքվել աղոթքի համար», - ասված էր զեկույցում:

No comments: