Saturday, August 27, 2011

Ինչու է «վատացել» Սերժ Սարգսյանը

«Լրագիր» 27-8-2011-Հայկական լրատվամիջոցները գրում են, թե Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Նաիրի բժշկական կենտրոն, թերեւս առողջական խնդիրներով: Մամուլը նշում է, որ ընդհանրապես վերջերս Սերժ Սարգսյանը հաճախ է այցելում այնտեղ, ուր հատուկ նախագահական հիվանդասենյակ կա:
Հայաստանում եւ Հայաստանի շուրջ վերջին օրերին չափազանց հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Նախ, փաստացի չեղյալ հայտարարվեցին թե հայ-թուրքական հարաբերությունների, թե Ղարաբաղյան «կարգավորման» գործընթացները: Սա կարծես ազդանշան էր, որ զարգացումների «կենտրոնը» տեղափոխվում է ներքին կյանք: Փաստացի, հայաստանյան քաղաքական դասը զրկվեց ներքին հարցերում արտաքին խնդիրներով «մանեւրելու» հնարավորությունից: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում ներքին կյանքի բուռն զարգացումներ են սպասվում:
Այստեղ էլ զարգացումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Տեղի ունեցան մի շարք նշանակալի իրադարձություններ: Դրանցից էր, օրինակ, հայաստանյան բիզնես-քաղաքական համակարգի հենասյուներից մեկի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականի շուրջ պատմությունը: Այս պատմությունն «ուղեկցվեց» հանրահայտ WikiLeaks կայքի հրապարակումներով (որը երկար ժամանակ Հայաստանի մասին փաստաթղթեր չէր հրապարակում), որոնք վերաբերում են հայաստանյան օլիգարխիայի ունեցվածքին ու գործունեությանը:
WikiLeaks-ի հրապարակումներում բերվում են փաստեր Հայաստանի քաղաքական-բիզնես համակարգի ապօրինությունների, քրեական գործելակերպի, եւ այլնի մասին:
WikiLeaks-ը հրապարակեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Յովանովիչի գրագրությունը: Երեկ Հայ Ազգային կոնգրես-կոալիցիա երկխոսությունը առկախվեց, կողմերը մեղադրեցին միմյանց պայմանավորվածությունները խախտելու մեջ:
Թվում է, այս ամենն իրար հետ կապված չեն: Սակայն՝ միայն առաջին հայացքից: Իրականում, նկատելի է, որ «հայկական թեման» կրկին հրատապ է դարձել աշխարհում, երկրի ներքին եւ հեռանկարում՝ արտաքին լուրջ տրանսֆորմացիաների տեսակետից:
Կարելի է ասել, որ «կառավարելի քաոսի» տեխնոլոգիան, որ կիրառվում է Հայաստանում արդեն տեւական ժամանակ, տալիս է իր արդյունքները երկրում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու, արմատական վերափոխումների հարցում: Կարելի է արձանագրել, որ ներկայում սկսել է այս գործընթացի երկրորդ, ավելի ինտենսիվ փուլը:
Հայաստանին սպասվում է լուրջ դերակատարություն տարածաշրջանի բուռն զարգացումներում, եւ անհրաժեշտ է այնպիսի գործընկեր- Հայաստան, որն ունենա համապատասխան կարողություններ այդ դերը կատարելու համար: Այդ դերը կատարելու համար Հայաստանի ներկայիս էլիտան բացարձակապես անպետք է ու անհամարժեք: Դա երեւում է այն շփոթից ու գաղափարական դատարկությունից, որոնք իշխում են քաղաքական դասի միջավայրում:
Ո՞վ է լինելու այս զարգացումներին համարժեք ուժը, որն առաջ է տանելու այս գործընթացը:
Հայկ Արամյան


No comments: