Saturday, August 27, 2011

Աղանդները մարդկանց գրավում են սոցիալական բարեկեցության խոստումներով. Եսայի քահանա

Tert.am. 27-8-2011- Աղանդները մարդկանց գրավում են հեշտ փրկության և սոցիալական բարեկեցության խոստումներով. այսօր ասուլիսին այս մասին նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Երբ մենք խոսում ենք փրկության կամ հոգևորի մասին, մարդիկ, որ դրա մասին բավարար գիտելիքներ կամ հավատ չունեն, սկսում են ծաղրել»,- ասաց նա՝ կարևորելով ոչ միայն հոգևոր բավարար կրթությունը, այլև դրա բացակայության դեպքում հոգևորի ուղին ընտրած մարդկանց նկատմամբ համապատասխան հանդուրժողականությունը։ «Մարդիկ կան, որ իրապես գնում են հոգևորի ճանապարհով. Պետք է հարգալից լինել նաև նրանց նկատմամբ»,- ասաց նա։
Իրականում, ըստ քահանայի, աղանդները Հայաստանում այդքան շատ չեն, որքան որ շրջանառվում է։ «Էդ 300 000 կիսապաշտոնական թիվը վերաբերում է ոչ առաքելական դավանանքի մարդկանց, որի մեջ են կաթոլիկները, ռուսները, ռուս ուղղափառները, եզդիները, հույները՝ դրանք հանած և մնում է մաքսիմում 100 000` ավետարանական հիմքով աղանդավորներ»։
Ըստ քահանայի՝ որոշ քաղաքական ուժեր համագործակցում են աղանդավորների հետ և բնականաբար տալիս խոսոտումներ. «Դա ընտրազանգված է, և հաճախ ձեռնտու է մոտենալ մի որևէ «հովվի» և իրենց հետևորդների, ասենք 10 000 ձայն միանգամից երաշխավորությամբ ստանալ, քան այդ բոլոր 10 000-ի հետ մեկ-մեկ համոզել»,- ասաց նա՝ հավելելով, որ աղանդավորները շատ լուրջ պատրաստվում են ԱԺ ընտրություններին։

No comments: