Tuesday, August 16, 2011

Իրանցի հոգևորականը Անգլիային խորհուրդ է տալիս չհետևել Ադրբեջանի օրինակին` շինծու մեղադրանքներ ներկայացնելով ցուցարարներին

Panorama.am. 16-8-2011- «Մենք Անգլիայի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չհետևել Ադրբեջանի օրինակին, որտեղ անմեղ մարդկանց նկատմամբ թմրանյութ կամ անօրինական զենք օգտագործելու համար անհիմն մեղադրանքներ են ներկայացվում»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Արդեբիլ նահանգի հոգևորական Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի հոգևորականը նշել է, որ վերջերս Անգլիայում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ լիբերալ-դեմոկրատական վարչակարգն արդեն հասել է վերջնագծին, քանի որ Անգլիայի իշխանությունները փորձում են իրենց սխալները վերագրել տարբեր կուսակցություններին կամ նախկին կառավարություններին:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել Անգլիայի իշխանությունների հասցեին` վերջիններիս կոչ անելով չճնշել անպաշտպան ժողովրդին և զբաղվել իրենց երկրի հարցերով, այլ ոչ թե միջամտել Իրաքի կամ Աֆղանստանի ներքին գործերին: ԻԻՀ ԱԳՆ-ն էլ հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Անգլիա այցելելուց: Իսկ ԻՀՊԿ ներքո գործող «Բասիջ» կառույցի ղեկավարը նշել էր, որ «Բասիջի» գումարտակները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հավանության դեպքում պատրաստ են Լոնդոնում խաղաղապահ առաքելություն իրականացնել:

No comments: