Tuesday, August 16, 2011

ՀՅԴ ներկայացուցիչ. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը պատրաստ չէ ԼՂՀ ազատագրված տարածքների հանձնմանը

News.am. 16-8-2011- Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը պատրաստ չէ ԼՂՀ ազատագրված տարածքների հանձնմանը: Այդ մասին օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Մանոյանի խոսքով, չնայած նրան, որ հայ հասարակությանը փորձում են նախապատրաստել դրան` սկսած եղանակի տեսությունից, որտեղ ազատագրված տարածքները ներկայացված չեն, վերջացրած հայտարարություններով, այդ թվում պաշտոնական բնույթի, այնուամենայնիվ հասարակության համար դա անընդունելի է: «Այն հանգամանքը, որ հասարակությունը չի հայտնում իր դժգոհությունը, պայմանավորված է նրանով, որ նա չի հավատում մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,-նշել է Մանոյանը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ստեղծված դիվանագիտական վակուումը հանգեցնել ռազմական գործողություննեևրի վերսկսմանը` Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ վստահ լինի հաղթանակում, իսկ ներկայումս պաշտոնական Բաքում չունի այդ վստահությունը. «Մինչդեռ շփման գծում հրադադարի ռեժիմի մշտական խախտումները կարող են ավելի լայնածավալ դառնալ, որը անկանխատեսելի հետեւանքներ կունենա»:

No comments: