Tuesday, August 16, 2011

Պետք է Ալիեւի հետ աշխատել

«Լրագիր» 16-8-2011- ՀՀԿ-ականները որեւէ վատ բան չեն տեսնում նրանում, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն Աստանայում այդպես էլ չի հանդիպել Սերժ Սարգսյանին, թեեւ` փոխարենը ԼՂ խնդրի վերաբերյալ կայացել է Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մեկնաբանելով Ս.Սարգսյանի հետ չհանդիպելու փաստը, այլ կարծիք հայտնեց.
- Վերջին եռակողմ 4-5 հանդիպումների ժամանակ տեսել ենք, որ տեսակետների փոփոխություն եղել է Ադրբեջանի կողմից, հատկապես Ալիեւն է խախտել պայմանավորվածությունները, հարցը տեղափոխել այլ հարթություն` սադրանքների, սահմանին կրակոցների, դիվերսիաների դաշտ: Ու եթե Մեդվեդեւը Ալիեւին կանչել է հանդիպման, պարզ է, թե ինչու: Ալիեւը խախտել է պայմանավորվածություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ 10 կետանոց նոր առաջարկ ներկայացրել: Այնպես որ, պետք է Ալիեւի հետ աշխատանք տանել, բացատրել, որ չի կարելի խախտել պայմանավորվածությունները: Սա է պատճառը, որ Մեդվեդեւն Ալիեւի հետ է հանդիպել, իսկ մենք մշտապես մեր պայմանավորվածությունները երբեք չենք խախտել, ի տարբերություն ադրբեջանական կողմի, արել ենք այն, ինչ ասել ենք:
Lragir.am-ի հետ զրույցում երեկ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում, այնուամենայնիվ, կողմերը կպայմանավորվեն հանդիպման վերաբերյալ, այլապես կարող են ճիշտ դուրս գալ այն վերլուծաբանները, որոնք պնդում են, որ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումներն այլեւս ներկայացնում է Մոսկվան: Հովհաննես Սահակյանն ասաց, թե չի կիսում այդ տեսակետը:
- Եթե որեւէ մեկը ցանկություն ունի հարցին այդ տեսանկյունից մոտենալ, իր անձնական խնդիրն է: Ես այլ կերպ եմ մեկնաբանում:

No comments: