Wednesday, August 31, 2011

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԵՐ. ՕՏՅԱՆԻ ԳՐՉԻ ՏԱԿ

Հատված «Հայ Տիասպորա» գրքից

«ԱԶԳ», 31-08-2011- Եթե աղանդավորական երեւույթները հետխորհրդային Հայաստանում նոր են, ապա սփյուռքում դրանք եղել են սկզբից եւեթ, անգամ Մեծ եղեռնից առաջՙ Կիլիկիայի ու Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում: Դրանց անդրադարձել են մեր գրողներից շատերը, տարբեր հոդվածներում եւ հրապարակումներում ձաղկելով օտարամուտ այդ «վարդապետություններն» ու դրանց քարոզիչներին, որոնց զոհերից մեկն էլ հայ գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչ Ինտրան էրՙ իր տխուր վախճանով: Գրողներից մի քանիսն էլ քարոզիչներին ու ժողովրդի մեջ նրանց թողած ավերներին անդրադարձել են գեղարվեստական երկերումՙ առավելաբար կոմիկական իրավիճակներում, ինչպես «սուրբ հոգով փրկվածները» Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» անմահ հուշագրության մեջ: Թեմային անդրադարձել է նաեւ մեր մեծ երգիծաբան Երվանդ Օտյանը 1924-1925 թթ.-ին Կահիրեի ռամկավարական «Արեւ» օրաթերթում որպես թերթոն հրատարակած իր «Հայ տիասպորան» վեպում (առանձին գրքով հրատարակվել է 1999-ինՙ Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանի կողմից, խմբագրությամբ Հենրիկ Բախչինյանի):
Ստորեւՙ մի հատված շուրջ 85 տարվա վաղեմությամբ այդ ստեղծագործությունից: Դեպքը տեղի է ունենում Բեյրութում, որն այդ ժամանակ մաս էր կազմում Մեծ Սիրիային: Օգտվելով նավահանգստային այդ քաղաք ապաստանած Եղեռնից մազապուրծ հայերի աղքատ եւ անպաշտպան վիճակից, Օտյանի հերոսներից Եղբայր Բառնաբասը «աշխարհի վերջի» սպառնալիքով փորձում է նրանց «դարձի» բերել, «Տէրոջ խօսքն» է քարոզում եւ... դրամ վաստակում, նախանձը շարժելով այս վեպում Օտյանի մյուս հերոսներիՙ Սեւ Կարոյի, Թոմիի եւ Թաթուլի, որոնք կեղծ տեռորիստներ են, կեղծ ֆիդայիներ, պարզապես շուլլերներ:

- Ասիկա իմ ընկերս է, Ռումանիայէն միասին եկած ենք... Սեւ Կարօ է անունը, թերեւս լսած ես:
- Կարծեմ թէ այդ անունը լսած եմ,- ըսաւ Թօմի բարեւելով:
- Իսկ միւս պարոնը հոս ճանչցանք,- շարունակեց Թաթուլ,- ի՞նչպէս է ձեր անունը:
- Եղբայր Բառնաբաս,- պատասխանեց անծանօթ երիտասարդը:
- Այո, հիմա յիշեցի,- գոչեց Թաթուլ ժպտելով,- եղբայր Բառնաբաս:
Այն, որ ինքզինք եղբայր Բառնաբաս կ’անուանէր, հազիւ 30-32 տարեկան, համակրելի դէմքով, խելացի աչքերով, խարտեաշ երիտասարդ մըն էր:
- Եղբայր Բառնաբասը,- շարունակեց Թաթուլ,- քարոզիչ է, Քրիստոսի մօտալուտ գալուստը կը պատմէ կոր եւ միեւնոյն ատեն աշխարհ ալ մօտ օրէն պիտի կործանիՙ կ’ըսէ կոր...
- Ո՞ւր է ձեր բուն տեղը,- հարցուց Թօմիՙ երիտասարդին դառնալով:

- Մեր բուն տեղը յայտնի չէ,- պատասխանեց երիտասարդը,- մեր գործերուն համեմատ կա՛մ երկինքի արքայութիւնը պիտի վայելենք եւ կա՛մ դժոխքի կրակին մէջ պիտի այրինք:
- Իմ հարցուցածս այդ չէ, հոս, Սուրիոյ մէջ ո՞ւր կը բնակիս, եղբայր Բառնաբաս:
- Որոշ տեղ մը չունիմ, կը պտտիմ, կը քարոզեմ, որովհետեւ ժամանակ պէտք չէ կորսնցել, նշանները մէջտեղ են, Քրիստոսի գալուստը մօտ է... պէտք է ամէնքս ալ պատրաստ ըլլանք, մեղքի մարդը մեր վրայէն թօթափենք:
- Եղբայր Բառնաբաս, ո՞ւրկէ եկար Պէյրութ,- հարցուց Թօմի:
- Հալէպէն կ’ուգամ եւ Զահլէ կ’երթամ եղբայրներուն եւ քոյրերուն քարոզելու:
- Գիրքեր, տետրակներ ալ ունի պայուսակին մէջ, մեզի տուաւ,- միջամտեց Թաթուլ:
Յետոյ երիտասարդին դառնալովՙ աւելցուց:
- Այս մեր բարեկամին ալ տուր, ան ալ իր մեղքերը քաւելու պէտք ունի:
- Չէ՛, չէ՛,- գոչեց Թօմի,- թող մնայ, ես գիրքի ու տետրակի տալիք դրամ չունիմ:
- Մենք Տէրոջ խօսքը դրամով չենք տար,- ըսավ երիտասարդը,- ձրի կը բաժնենք:
- Այդ տարբեր:
Եվ ծրար մը գիրք, տետր, ամսաթերթ թխմեց Թօմիի ձեռքը:
Թօմի շնորհակալութեամբ առաւ ծրարը:
- Երբ դուք կարդաք, լմցունէք, ձեր բարեկամներուն տուէք, որ անոնք ալ կարդան ու փրկուին,- ըսաւ եղբայր Բառնաբաս:
- Այնպէ՛ս կ’ընեմ,- խոստացաւ Թօմի:
Բառնաբաս, որ արդէն մեկնելու պատրաստութիւնը տեսած էր, ծառան կանչեց, հաշիւը տեսաւ ու «մնաք բարով» ըսելովՙ մեկնեցաւ ընկերակցութեամբ ծառային, որուն հետ սիրալիր խօսակցութեան մը բռնուեցաւ:
Վայրկեան մը ետքը ծառան վերադարձաւ սուրճ բերելու համար Թօմիի:
- Կ՛երեւայ, որ այդ եղբայր Բառնաբասը առաջուց կը ճանչնաս,- ըսաւ Թաթուլ ծառային:
- Անշուշտ, հին ընկերներ ենք,- պատասխանեց ծառան,- միասին կամաւոր լեգէոնական եղած ենք:
- Վա՛յ,- գոչեց Թօմի,- ես ալ լեգէոնական եմ:
- Խաթրդ չի մնայ, բայց փախուկին մէկը կ’երեւայ կոր,- ըսաւ Թաթուլ:
- Կատարեալ շոշորդ մը,- աւելցուց Թօմի:
- Փախո՞ւկ մի, շոշո՞րդ մի... ի՛նչ կ’ըսէք, շունշանորդի հանած-վարածին մէկն է:
- Հապա այդ վերջնաշխարհի, Քրիստոսի գալուստին քարոզութիւննե՞րը...
- Ատոնք բոլոր խաղ են... ինք ամենէն աւելի կը խնդայ իր ըսածներուն վրայ:
- Այն ատեն ինչո՞ւ այդ քարոզութիւնը կ՛ընէ:
- Ի՞նչ ընէ խեղճը, շատ աշխատեցաւ, ասդին-անդին ինկաւ գործ մը գտնելու համար, կարելի չեղաւ, վերջապէս գնաց այդ ամերիկացիներուն դիմեց, ինքզինք ջերմ հաւատացեալ ցոյց տուաւ եւ յաջողեցաւ այդ քարոզիչի պաշտօնը ձեռք ձգել, հիմա հանգիստ կ’ապրի:
- Ուրեմն ամսականով վերջնաշխարհ կը քարոզէ, ըսաւ Թօմի:
- Հարկաւ, պատասխանեց ծառան, ամիսը 40 դոլար կ’առնէ, ճամբու ծախքերն ալ զատ... այդ ծախքերու հաշիւէն ալ ամիսը 20 սուրիական մը կը շինէ:
- Ծօ, ի՛նչ աղէկ գործ,- գոչեց Սեւ Կարօ,- ես այդչափ ամսականի փոխարէն մինակ Քրիստոսը չէՙ Աստուածածինը ու Առաքեալնե՛րն ալ կը բերեմ աշխարհ:
- Եթէ յաջողի իր քարոզներով մէկը համոզել ու իրենց դարձնել, ատոր համար ալ զատ նուէր կը ստանայ,- բացատրեց ծառան:
- Համոզուող կ’ըլլա՞յ:
- Շատ, մանաւանդ երբ իր ստանալիք նուէրին կէսն ալ անոր խոստանայ:
- Ի՜նչ գործեր կան աշխարհի մէջ, որմէ տեղեկութիւն չունինք,- ըսաւ Թօմի:
- Մենք ալ զինքը պակասամիտ փախուկի մը տեղը դրինք:
- Մինչ խելացին ինք է, եւ ապուշը մենք ենք եղեր, իրեն պէս ուրիշ քարոզիչներ ալ կա՞ն:
- Շա՜տ,- պատասխանեց ծառան,- ութը-տասը հատ ես միայն կը ճանչնամ... բայց ամենէն վարպետորդին այս եղբայր Բառնաբասն է:
Ծառան դուրս ելաւ սենեակէն:
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ

No comments: