Wednesday, August 31, 2011

ՍԻՐԻԱՅԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ Է, ՔԱՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 31-08-2011- Արեւմուտքը Ասադի վարչակարգին փորձում է տապալել պատժամիջոցներով, այլ ոչ թե ռազմական գործողություններով

Թեեւ Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի ծննդավայր Սիրտ քաղաքը շարունակում է դիմադրել ապստամբներին, սակայն իշխանությունը երկրում գրեթե ամբողջությամբ անցել է Անցումային ազգային խորհրդին: Այդ ընթացքում Ալժիրում են ապաստանել Քադդաֆիի կինըՙ Սաֆիեն, դուստրըՙ Այշեն եւ որդիներըՙ Հանիբալն ու Մուհամմեդը, իրենց ընտանիքների հետ: Ի դեպ այդ մասին օգոստոսի 29-ին հայտարարել էր Ալժիրի արտգործնախարարությունը:
Այլ կերպ` կանխորոշված է Քադդաֆիի, որի հետ նաեւ նրա ջախջախված վարչակարգի ճակատագիրը: Դա ինքնաբերաբար կհանգեցնի Լիբիայի քաղաքական ճակատագրի կանխորոշմանը, նա այլեւս կդադարի լինել հակաարեւմտյան դիմադրության պատվարը Հյուսիսային Աֆրիկայում, եւ ամբողջությամբ կանցնի Արեւմուտքի վերահսկողության տակ, որակյալ լինելու պատճառով «քաղցր» կոչվող նավթի հարուստ պաշարներով հանդերձ:
Երկրում, ինչ խոսք, կհռչակվեն ժողովրդավարական կարգեր, սակայն բռնատիրությունից ժողովրդավարության անցումը, ինչպես ենթադրում են արեւմտյան ամենալավատեսական դիտորդները, կտեւի առնվազն 10 տարի: Այդ ժամանակահատվածում անկայունությունը մշտական գործոն կդառնա Լիբիայում, ընդ որում ոչ թե անխուսափելիության, այլեւ երկրում Արեւմուտքի անվերապահ ազդեցության տարածման անհրաժեշտ նախապայմանը լինելու պատճառով:
Արեւմուտքի խնդիրը Լիբիայում ժողովրդավարությունը չէ, այլ երկրում արեւմտյան կողմնորոշման հակառակորդ Քադդաֆիի վարչակարգի չեզոքացումը: Հատկանշական է, որ Քադդաֆիին սեփական ժողովրդին կոտորելու մեջ մեղադրող, իշխանության ապօրինության պատճառաբանությամբ երկրից նրա հեռացման անխուսափելիությունը ի սկզբանե մատնանշող Արեւմուտքը ավելի քան մեկ շաբաթ ցուցարարներին ինքնաթիռներով ռմբակոծեց, որ ժողովրդական զանգվածների ճնշմամբ Սաուդյան Արաբիա փախած Ալի Աբդուլլահ Սալեհը վերադառնա Եմեն, կարծես Եմենի պարագայում բռնապետն արդեն ժողովուրդը լիներ: Էլ չենք խոսում Բահրեյնի մասին, որտեղ սուլթանի բռնապետությունը պահպանելու համար սաուդյան զորքերը գնդակահարել էին խաղաղ ցուցարարներին:
Դեռեւս ՆԱՏՕ-ի հակալիբիական գործողությունների սկզբին «Ազգ»-ում գրել էինք, որ Լիբիայում փորձարկվում է սիրիական սցենարը: Հիրավի ծանր կացության մեջ է հայտնվել նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Պաշտոնական Վաշինգտոնը, ի դեմս նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ապօրինի է համարում նաեւ Ասադի իշխանությունը, պաշտոնից հրաժարվելու եւ երկրից հեռանալու պահանջներով: Վաշինգտոնի օրինակին են հետեւում Եվրոմիության այնպիսի առաջնակարգ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Նրանց է միանում նաեւ ՄԱԿ-ը: Նույնիսկ Ասադին մեղադրում է սեփական երկրում մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ, բայց ոչ ավելին:
Որքան էլ նախագահ Ասադի տապալումը Սիրիայում արեւմտամետ վարչակարգի հաստատման հեռանկարներ բացի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առջեւ, մեծացնի երկիրը Արեւմուտքի ուղեծրի մեջ ներքաշելու, ինչպես նաեւ իրանա-սիրական ռազմավարական դաշինքը չեզոքացնելու, թերեւս դրանով էլ Իրանին տարածաշրջանային երկրների աջակցությունից զրկելու միջոցով տարածաշրջանում լիարժեք մեկուսացնելու ամերիկյան վաղեմի երազանքն իրականացնելու հավանականությունը, այնուամենայնիվ, Սիրիայի պարագայում ուժերի հավասարակշռությունը ռուսական, չինական եւ իրանական գործոնների պատճառով բոլորովին այլ բնույթ է կրում, քան Լիբիայում:
Տվյալ դեպքում խոսքը Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների կիրառումը մերժելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման մասին է: Ավելին, այս երկու գերտերությունների հակադրման պատճառով ՄԱԿ-ը, մեղադրելով հանդերձ նախագահ Ասադին մարդկության հանդեպ հանցագործություն կատարելու մեջ, առ այսօր պաշտոնական Դամասկոսին դատապարտող որեւէ որոշում չի ընդունել: Այսինքն Բաշար Ասադին հասցեագրված ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հայտարարությունները Սիրիայի համար ոչ թե պարտավորեցնող են, այլ ընդամենը միջազգային ճնշման միջոց:
Նույնը վերաբերում է պատժամիջոցների դիմելու Վաշինգտոնի որոշմանը, որը Սիրիայի հարցում մինչ այդ լռություն պահպանող ԵՄ-ի առաջնակարգ երկրներին ընդամենը տվեց Ասադի վարչակարգին հայտարարությամբ դատապարտելու հնարավորություն: Այս որոշման իմաստը կայանում է նախագահ Ասադին եւ նրա վարչակարգին պատժամիջոցներով տապալելու մեջ:
Դա կհաջողվի՞ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, ցույց կտա ժամանակը: Բայց որ ռուսական եւ չինական գործոնը միջազգային այս ուժերին զրկում են Լիբիայի սցենարը նաեւ Սիրիայում բեմադրելու հնարավորությունից, ակնհայտ է: Ըստ երեւույթին, Ռուսաստանն ու Չինաստանը հետամուտ կլինեն Սիրիայի դեմ ռազմական գործողությունները բացառելու իրենց դիրքորոշմանը, որովհետեւ Ասադի վարչակարգի փոխարինումը արեւմտամետ վարչակարգով նրանց կզրկի տարածաշրջանում ունեցած ներկայությունից:

No comments: