Thursday, August 4, 2011

Մահմուդ Ահմադինեժադ. Բոլոր խնդիրները այն ժամանակ կլուծվեն, երբ ազգերի իրավունքները պաշտոնապես կճանաչվեն

Panorama.am. 4-8-2011- «Բոլոր խնդիրները այն ժամանակ կլուծվեն, երբ ազգերի իրավունքները պաշտոնապես կճանաչվեն: Եվրոպական երկրների առաջնորդները պետք է իմանան, որ բացի Իրանի ժողովրդի հետ համագործակցելուց, այլ ճանապարհ գոյություն չունի»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ուղիղ եթերում «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Խոսելով Իրան-Եվրոպա հարաբերությունների մասին, Մ. Ահմադինեժադը նշել է. «Իրանը ողջունում է Եվրոպայի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերությունները, որոնք կծառայեցվեն ի շահ երկու կողմերի: Եվրոպական երկրները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի Իրանի հետ ունեցած իրենց հարաբերությունները չենթարկվեն Ամերիկայի ազդեցությանը»:
Իրանի նախագահը, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա արտահանելու թեմային, նշել է, որ այդ հանգամանքը Եվրոպայի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման առիթ կհանդիսանա:
«Իրանի ժողովուրդը երբեք Եվրոպայի հետ խնդիրներ չի ունեցել և Իրանի կողմից Եվրոպան երբեք վնաս չի կրել, սակայն եվրոպական որոշ երկրներ Իրանի ժողովրդին տարատեսակ վնասներ են պատճառել, չնայած այս պարագային, Իրանի ժողովուրդ նայում է ապագային:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Եվրոպայի հետ բարեկամական հարաբերություններ կառուել: Պետք է ձեռք-ձեռքի տված աշխարհը արդարացի կառավարենք, որպեսզի հարգվի բոլորի իրավահավասարության սկզբունքը»,-նշել է Մահմուդ Ահմադինեժադը:

No comments: